Մայիսի 26-ի առթիվ Վրաստան է գնալու 7 նախագահ

Մայիսի 26-ինՎրաստանի առաջին հանրապետության անկախության օրը, առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար, Վրաստան են այցելելու Լիտվայի, Լատվիայի, Ֆինլանդիայի, Լեհաստանի, Հայաստանի, Սլովակիայի և Եվրահանձնաժողովի նախագահները: aliq.ge-ի փոխանցմամբ՝ բարձրաստիճան հյուրերը Թբիլիսի են գալու Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի նախաձեռնությամբ և հրավերով: Բացի նախագահներից, Թբիլիսի են այցելելու մոտ 20 երկրի պատվիրակություններ:

Վրաստանի նախագահի աշխատակազմից «Ազատություն ռադիոկայան»-ի վրացական ծառայությանը տեղեկացրել են, որ Ֆինլանդիայի նախագահը Վրաստան է այցելում 26-ամյա դադարից հետո առաջին անգամ: Գիորգի Մարգվելաշվիլին և Սաուլո Նիինիստոն այցի վերաբերյալ պայմանավորվել են մայիսի 18-ին` հեռախոսազրույցի ժամանակ:

Մայիսի 26-ին Թբիլիսի է այցելելու Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան: Վերջինս, աշխատանքային այցով, առաջին անգամ Վրաստան է ժամանել երկու տարի առաջ, մայիսին: Այն ժամանակ Սլովակիայի նախագահը Վրաստան էր ժամանել գործարարների պատվիրակության հետ և մասնակցել երկու գործարար համաժողովի:

Անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումներին կմասնակցի նաև Լեհաստանի նախագահ Անդժեյ Դուդան: Գիորգի Մարգվելաշվիլին Անդժեյ Դուդային հրավիրել էր դեռևս նախորդ տարի աշնանը՝ Լեհաստան կատարած այցի ժամանակ. «100 տարի հետո, Վրաստանն ու Լեհաստանը վերականգնեցին անկախությունը: Իհարկե, այս կարևոր օրը նշելու ժամանակ, 2018 թվականին վրացիներն ու լեհեր կլինեն միասնական, մեկ էմոցիաներով»,- նախորդ տարվա նոյեմբերի 8-ին Լեհաստանում հայտարարել էր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Անդժեյ Դուդան առաջին անգամ Վրաստան է այցելել 2017 թվականի մայիսի 30-ին:

Մայիսի 25-ին պաշտոնական այցով Վրաստան կայցելի Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Նա եվրոպական առաջին առաջնորդներից մեկն է, որը նախորդ տարի վրացերենով Վրաստանին շնորհավորեց Եվրամիության հետ վիզայի ազատականացման կապակցությամբ: Գրիբաուսկայտեն հանդիպելու է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին և Խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին: Լիտվան անկախության 100-ամյակը նշել է փետրվարին:

Վրաստանի առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու է նաև Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը: Վրաստան այցելելու վերաբերյալ վերջինս իր վրաց գործընկերոջ հետ պայմանավորվել է մայիսի 10-ին, հեռախոսազրույցի ժամանակ: Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները խոսել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի և տարածաշրջանի անվտանգության խնդիրների ու Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում առկա իրավիճակի վերաբերյալ: Լատվիայի նախագահը Վրաստան է այցելել նաև նախորդ տարվա ամռանը: Նա Գիորգի Մարգվելաշվիլիի հետ այցելել է Խուրվալեթի գյուղ, որը գտնվում է Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքների մոտ:

Մայիսի 26-ին Վրաստան է այցելելու նաև Հայաստանի Հանրապետության նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը: Հայաստանի խորհրդարանն Արմեն Սարգսյանին նախագահ է ընտրել 2018 թվականի մարտի 2-ին:

Արմեն Սարգսյանի և Գիորգի Մարգվելաշվիլիի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել մայիսի 3-ին: Երկու երկրների նախագահները քննարկել են հայ-վրացական հարաբերություններին վերաբերող հարցեր: Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, Հայաստանի նախագահը նշել է, որ մեծ հաճույքով կայցելի Վրաստան և կկիսի վրաց ժողովրդի տոնական տրամադրությունը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին Գիորգի Մարգվելաշվիլին անկախության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Վրաստան է հրավիրել Բրյուսել կատարած այցի ժամանակ: Այս տարվա մարտին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահները համաձայնության են եկել Եվրամիություն-Վրաստան երկկողմ համագործակցության նոր, բարձր մակարդակի ձևաչափի ստեղծման վերաբերյալ:

Աշխարհի տարբեր երկրներում, Վրաստանի դեսպանատների նախաձեռնությամբ, միջոցառումներ են տեղի ունեցել ամբողջ տարվա ընթացքում, որի նպատակը Վրաստանի անկախության համար պայքարի պատմությունը, երկրի տնտեսական, զբոսաշրջային ներուժն ու վրացական մշակույթի հանրայնացնումն է:

Տեսանյութեր

Լրահոս