Ներքին Գետաշենի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում ի հայտ են եկել ևս չորս ժայռաքանդակ խաչքարեր
Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերականգնման աշխատանքների ժամանակ ի հայտ եկած 227 խաչքարերի եւ խաչքարաբեկորների թիվը վերջերս համալրվել է եւս չորս ժայռաքանդակ խաչքարերով, որոնք գտնվել են շինության հարավային մասում կառուցվող հենապատի համար բացվող տարածքում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ մասնագիտությամբ շինարար Արթուր Հովհաննիսյանը, եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկել էին այս տարվա մարտին եւ ժամանակավորապես ընդհատվել՝ ելնելով նախագծում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից: «Եկեղեցին, ըստ նախագծի, պետք է վերականգնվեր հիմնովին քանդվելուց հետո, ինչի արդյունքում էլ հայտնաբերվեց 227 խաչքար կամ խաչքարաբեկոր:
Հարավային պատից դուրս ի հայտ եկած ժայռաքանդակ խաչքարերը նոր խնդիր առաջացրին՝ նախագիծը փոխելու համար: Հարկավոր էր այնպես անել, որ հայտնաբերված բոլոր հուշարձանները եւ առավելապես ժայռաքանդակ խաչքարերը, որոնք տեղաշարժելն անհնար է, ցուցադրության տարածք ունենան: Եկեղեցին հարավային կողմից սահմանակից էր գյուղացիներից մեկի տնամերձ հողամասին, որտեղից անհրաժեշտ էր որոշակի տարածք կտրել՝ ժայռաքանդակ խաչքարերի ցուցադրությունն ապահովելու եւ շինության հարավային մասի պեղումներն ամբողջությամբ ավարտելու համար: Ի վերջո, համայնքի ղեկավարի, եկեղեցու վերականգնումը հովանավորողների եւ հողի սեփականատիրոջ միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հարավային հատվածը լայնացվեց մի քանի մետրով: Այդտեղ կկառուցվի հենապատ, որը կբաժանի տնամերձը եկեղեցու տարածքից, իսկ ժայռաքանդակ խաչքարերը կմնան բացօթյա՝ հենապատի եւ եկեղեցու արանքում:
Հենապատի կառուցման նպատակով լայնացվող տարածքում են ի հայտ եկել վերոնշյալ չորս ժայռաքանդակ խաչքարները, որոնցից մեկի վրա հստակ նշված է 1305 թվականը: Ամեն մի հուշարձան իր մեջ կարեւոր նյութ է պարունակում՝ պահանջելով մանրազնին ուսումնասիրություն: Հենապատի կառուցման աշխատանքները, նախագծողների հետ նախնական պայմանավորվածության համաձայն, մեկնարկել են, իսկ վերականգնման աշխատանքները կմեկնարկեն նախագծի փոփոխության վերջնական հաստատումից հետո»,-ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Խոսրով Խլղաթյան