
Սպասվում են ՀՀ նախագահի և վարչապետի այցերը Վրաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 25-26-ը կմեկնի Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի անկախության հռչակման հարյուրամյակի միջոցառումներին, իսկ մայիսի 30-31-ը կկայանա ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. հուլիսի 17-ին: Հայաստանի Հանրապետության դեսպանությունը սկսել է գործել Թբիլիսիում 1993 թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
Հայաստանի եւ Վրաստանի բարձրագույն օրենսդիր մարմինների համագործակցության եւ օրենսդրության ներդաշնակեցման նպատակով ձեւավորված է միջխորհրդարանական հանձնաժողով, որը նախագահում են երկու երկրների խորհրդարանների նախագահների տեղակալները:
Տնտեսական համագործակցության խորացման նպատակով գործում է տնտեսական միջկառավարական համագործակցության հանձնաժողով, որը գլխավորում են երկու պետությունների վարչապետները:
Հայաստանի եւ Վրաստանի միջեւ գործում է նաեւ հայ-վրացական պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողով: