Բաժիններ՝

Իրանի վերաբերյալ Փոմպեոյի ծրագրային ելույթից հետո Բեռլինի դիրքորոշումը չի փոխվել

Գերմանիան ի գիտություն է ընդունել իրանական թեմատիկայի վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի ելույթը, բայց չի փոխել դիրքորոշումը Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը կատարելու անհրաժեշտության հարցում:

Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը Բուենոս Այրեսում, որտեղ ընթանում է G20-ի երկրների ԱԳ նախարարությունների ներկայացուցիչների հանդիպումը: «Մենք ի գիտություն ընդունեցինք ամերիկյան դիրքորոշումը»,- ասել է նա եւ հավելել, որ «դա անակնկալ չդարձավ»: Նախարարը հիշեցրել է, որ այս շաբաթ մեկնելու է Վաշինգտոն, որտեղ անձնական հանդիպում կունենա Փոմպեոյի հետ:

«Ես կօգտվեմ առիթից՝ քննարկելու այդ հիմնախնդիրը»,- ասել է Մաասը: «Մեզ համար իրադրությունը չի փոխվել,- շարունակել է նա:- Եվրամիությունը Սոֆիայի գագաթնաժողովում միասնական ազդանշան տվեց այն մասին, որ մենք ցանկանում ենք պահպանել Իրանի վերաբերյալ համաձայնագիրը»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ մայիսի 21-ին Վաշինգտոնում՝ «ժառանգություն» ոչ կառավարական հիմնադրամում հանդես գալով Իրանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի քաղաքականությանը նվիրված ծրագրային ճառով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը: «Նախ՝ մենք աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրենք ռեժիմի վրա:

Թեհրանի ղեկավարները չպետք է կասկածեն մեր մտադրությունների լրջությանը: Պատժամիջոցները միայն կուժեղանան եւ ավելի ու ավելի ցավագին կդառնան այն դեպքում, եթե ռեժիմը չփոխի իր քաղաքականությունը»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Նրա խոսքով՝ Իրանի ներկայիս ղեկավարության որդեգրած ուղեգիծը «անընդունելի է եւ անարդյունավետ»:

«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը միայն հետաձգում էր Իրանում միջուկային զենքի մշակման հնարավորության հայտնվելը»,-հայտարարել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա տեսանկյունից, Իրանի հետ միջուկային գործարքը «չէր երաշխավորում ամերիկյան ժողովրդի անվտանգությունը»: «Այլեւս դա չի լինելու: Այլեւս չի լինելու Իրանի հզորության անարգել ընդլայնումը»,-ասել է Փոմպեոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս