
Գիտնականները եկամուտների մակարդակի հետ ուղեղի առանձնահատկությունների կապ են բացահայտել

Մարդու սոցիալ-տնտեսական վիճակը կապված է ուղեղի անատոմիայի եւ ֆունկցիոնալության հետ, իրենց աշխատությունում պնդում են Տեխասի համալսարանի գիտնականները: Հետազոտությանը մասնակցել է 20-ից մինչեւ 89 տարեկան 304 մարդ:
Փորձի մասնակիցները պատմել են իրենց կրթության, կարիերայի եւ եկամուտների մասին, ինչից հետո նրանց գլխուղեղը հետազոտվել է մագնիսա-ռեզոնանսային շերտագրության միջոցով:
Արդյունքում գիտնականներն ստացել են տվյալներ գորշ նյութի ծավալի, կիսագնդերի կեղեւի հաստության եւ ուղեղի տարբեր մասերի միջեւ ֆունկցիոնալ կապերի մասին:
Հարադրելով երկու գիտափորձերի արդյունքները՝ հետազոտողները պարզել են, որ միջին տարիքի (35 – 64 տարեկան) ավելի հաջողակ մարդկանց մոտ ավելի շատ է գորշ նյութը, ինչպես նաեւ ավելի ամուր են նեյրոնային կապերը նրանց պակաս հաջողակ հասակակիցների համեմատությամբ: Այդ արդյունքները կապում են ավելի լավ հիշողության եւ ծերունական թուլամտության ավելի փոքր ռիսկի հետ:
Հետազոտության հեղինակների կարծիքով՝ իրենց աշխատանքն ապացուցում է, որ ապրելակերպը, սնունդը, շրջակա միջավայրը եւ կենսափորձն ազդում են առողջության եւ գլխուղեղի վիճակի վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: