Ավագ և միջնակարգ դպրոցների տարանջատումը չի արդարացրել սպասելիքները
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով ավագ և միջնակարգ դպրոցների տարանջատմանը, նշում է` թեև համակարգը լավն էր, սակայն այն չի արդարացրել սպասելիքները: Նա նման կարծիք հայտնեց «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:
«Կարծում եմ` սա լավ համակարգ է: Դա պետք է թույլ տար, որ աշակերտները ավագ դպրոցներում արդեն որոշակի հմտություններ ձեռք բերեին: Դա էլ հնարավորություն կտար ավելի արդյունավետ շարունակել կրթությունը բուհերում` ընդ որում առանց կրկնուսույցի: Սակայն կրթական ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում դպրոցը տուժել է: Բարեփոխումները չեն աշխատել»,-ասաց նա ու հավելեց, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվել այդ բարելավման համար:
Պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե դպրոցում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասաժամից առաջ պարտադիր աղոթքը կշարունակեն անել և առարկան կպահպանվի արդյոք, նախարարն ասաց, որ իսկապես շատ դիմումներ և առաջարկություններ է ստանում այս առարկայի հետ կապված:
«Քիչ չեն նամակները, որտեղ ասում են, որ այս առարկան պետք է պահպանվի: Դիրքորոշումները համամասնորեն հավասար են: Այս հարցը մենք քննարկում ենք: ՀՀ Սահմանադրությամբ` Հայաստանը աշխարհիկ պետություն է, ըստ դրա էլ պետք է լուծումներ գտնենք»,- նշեց նա: