![](/banners/BeFunky-design.jpg)
«Կամակորությունն այս դեպքում սխալ է». Վովա Վարդանովը՝ Նիկոլ Փաշինյանի «լայվերի» մասին
![](https://168.am/wp-content/uploads/2018/05/Vova-Vardanov-2.jpg)
«Ողջ մնալու արվեստ» հասարակական կազմակերպության նախագահ, առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր Վովա Վարդանովը ողբերգություն չի համարում այն, որ քննությունների հետաձգման պատճառով զինվորական զորակոչն էլ, հնարավոր է, մեկ շաբաթով հետաձգվի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ Չեռնոբիլի ողբերգությունը տեղի ունեցավ, և բոլոր զինվորական շրջանները, որոնք Չեռնոբիլին մոտ էին, զորացրվեցին 1-2 ամիս ուշ. «Դրա մեջ լուրջ խնդիր ես չեմ տեսնում: Եթե անհրաժեշտ է երկրի համար, մի շաբաթ էլ, երկու շաբաթ էլ, մի ամիս էլ, մի տարի էլ, զինվորը պետք է ուշ զորացրվի»:
Անդրադառնալով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ ռազմահայրենասիրական դաստիարակության նախագիծը հետ կանչելու վերաբերյալ արած հայտարարության մասին՝ Վ. Վարդանովն ասաց. «Իմ տղան առաջին դասարան էր, ինքն անգիր գիտեր ամբողջ դասագիրքը: Մի անգամ թերթում եմ գիրքը, մի հայրենասիրական ոտանավոր կար, ասում եմ՝ սա ասա, ասում է՝ ընկեր Սարգսյանը սա չի տվել:
Միշտ ինչ-որ կեղծ խաղաղասեր ուսուցիչներ են լինում, որոնք վնաս են հասցնում ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Հիմա նման կեղծ հայրենասեր, ինչ-որ հումանիզմով վարակված, չգիտեմ՝ ում են կարդացել, կարճ ասած՝ էդ մարդիկ շատ են սխալվում, որովհետև այդ երեխան ոչ միայն այս երկիրը պետք է սիրի, այլև՝ ռազմական անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքը կարողանա ոտքի կանգնի և պաշտպանի իր երկիրը: Ես դա ոչ թե չեմ ողջունում, այլև՝ համարում եմ մեր ապագայի նկատմամբ հանցավոր»:
Վ. Վարդանովը խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ հեռարձակումների մասին. «Այդ «լայվերը» ես գիտեմ՝ որտեղից են գալիս, կարծեմ Ամերիկայի առաջին սևամորթ նախագահն էր լայվ անում: Մեր այսօրվա վարչապետը նման ուղիով գնում է, որպեսզի ցույց տա իր կապը ժողովրդի հետ: Դա իր աշխատելու ձևն է, բայց հարցեր է առաջանում՝ իսկ ինչո՞ւ Բաղրամյան 26-ում ոչ մի տեխնիկական միջոց չկար, որ լարով չէր աշխատում: Պարզ է, չէ՞, որ այդ ամեն ինչն արվում է նրա համար, որ прослушка չլինի, որ միացումներ չլինեն: Այս սմարթֆոնն այնպիսի հնարավորություն ունի, որ հատուկ ծառայությունները, նստած լինելով Վաշինգտոնում կամ Անկարայում, միացումներ տան, ու դու նույնիսկ տեղյակ չլինես:
Դա անվտանգության կանոններն ինչ-որ տեղ խախտող բան է: Կամակորությունն այս դեպքում սխալ է, պետք չէ մոռանալ, որ շատ ավելի լուրջ առաջին դեմքեր շատ ավելի լուրջ երկրներից, շատ ավելի դեմոկրատ երկրներից անվտանգության կանոններին ենթարկվում են, ինչի՞ պետք է չենթարկվի օրինականության մասին խոսող մեր վարչապետը»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: