Գարո Փայլանը կմասնակցի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կրկին կառաջադրվի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից: Թուրքական Mezopotamya Ajansı գործակալությունը հայտնում է, որ Գարո Փայլանը կրկին ներառվել է քրդամետ կուսակցության թեկնածուների ցուցակում:
Ի տարբերություն, սակայն, 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների, որտեղ Փայլանն առաջադրվել էր Ստամբուլում, այս անգամ նրա թեկնածությունը կառաջադրվի Դիարբեքիրում:
Գարո Փայլանը պատգամավոր ընտրվելուց ի վեր աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով: Դրանցում նա բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը, սակայն, մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը:
Խորհրդարանի ամբիոնից ցեղասպանության մասին խոսելու համար նա անգամ ենթարկվել է կարգապահական տույժի: Բացի այդ, օրերս հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով հետաքննություն է սկսվել: Հետաքննության շրջանակում կազմվել է նրան անձեռնմխելիությունից զրկելու պահանջագիր:
Նախորդ՝ 2015 թվականի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում թուրքական մեջլիսն ուներ 3 հայ պատգամավոր՝ Գարո Փայլանը, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից առաջադրված իրավաբան Սելինա Դողանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առաջադրված հայ լրագրող Մարգար Եսայանը:
Հունիսի 24-ի ընտրություններին ընդառաջ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հրապարակել էր իր թեկնածուների ցուցակը, որտեղ բացակայում է Սելինա Դողանի անունը:
Ինչ վերաբերում է Մարգար Եսայանի հնարավոր առաջադրմանը, ապա դա պարզ կլինի իշխող կուսակցության կողմից ցուցակների հրապարակումից հետո:
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը պետք է ամենաուշը մայիսի 21-ին բարձրագույն ընտրական խորհրդին ներկայացնեն իրենց թեկնածուների ցուցակները: