Շրջապատելով շենքը, արգելափակելով մուտքերը, պառկելով դռների և դարպասների դիմաց՝ պահանջում են Արթուր Դավթյանի հրաժարականը
ՀՀ գլխավոր դատախազության մոտ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները բողոքի ակցիա են անցկացնում: Շրջապատելով շենքը, արգելափակելով մուտքերը, պառկելով դռների և դարպասների դիմաց՝ նրանք պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:
Ակցիայի մասնակիցները նշում են, որ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն, և ըստ նրանց՝ քանի դեռ դատախազը հրաժարական չի տվել, այս կառույցը չի կարող աշխատել ի շահ ժողովրդի:
Դատախազության աշխատակիցները, որոնք չէին կարողանում մուտք գործել շենք, պնդում էին, որ ցուցարարները չեն կարող ոտնահարել և սահմանափակել այլոց իրավունքները: Դատախազության աշխատակիցները պահանջում էին վերականգնել իրենց աշխատանքի իրավունքը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ իր տեսակետը ներկայացնում է կոնկրետ վարույթում առկա նյութերի հիման վրա և կրկնում է, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ:
Վճռաբեկ դատարանի առջև էլ բողոքի ակցիա էին անցկացնում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի կողմնակիցները: Ակտիվիստները պահանջում են հնարավորինս սեղմ ժամկետում ընդունել վարույթ Սամվել Բաբայանի գործով բողոքը: