Տվյալների արտահոսքի շուրջ Ցուկերբերգի մասնակցությամբ լսումները կհեռարձակվեն ուղիղ եթերով
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին մայիսի 21-ին Twitter-ում հայտարարել է, որ Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի շուրջ լսումները՝ ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի մասնակցությամբ, կանցկացվեն մայիսի 22-ին բաց ռեժիմով եւ կհեռարձակվեն ուղիղ եթերով:
«Ես անձամբ եմ Facebook-ի նախագահ պարոն Ցուկերբերգի հետ քննարկել նիստի ուղիղ հեռարձակման հնարավորությունը նրա մասնակցությամբ: Ուրախ եմ հայտնելու, որ նա համաձայնել է այս նոր խնդրանքին: Հիանալի նորություն է Եվրամիության քաղաքացիների համար: Ես շնորհակալ եմ Եվրախորհրդարանի հանդեպ նրա ցուցաբերած հարգանքի համար»,- գրել է Տայանին:
Նա ճշտել է, որ լսումները կկայանան մայիսի 22-ին ժամը 18:15-ից մինչեւ 19:30-ը տեղական ժամանակով (Երեւանի ժամանակով ժամը 20:15-ից մինչեւ 21:30-ը):
Ավելի վաղ Facebook սոցիալական ցանցը կասեցրել է գրեթե 200 հավելվածների գործողությունն իր կայքում, կապված այն բանի հետ, որ դրանք կարող են օգտվել օգտատերերի մեծ ծավալի անձնական տեղեկատվությունից: Համապատասխան հայտարարությունը մայիսի 14-ին հրապարակված է սոցցանցի նորությունների պորտալում:
«Facebook-ը կշարունակի ստուգել բոլոր այն հավելվածները, որոնք օգտատերերի մեծ ծավալի անձնական տեղեկատվությունից օգտվելու հնարավորություն են ստացել, որպեսզի նվազեցնենք մուտքի հնարավորությունն անձնական տվյալներ,-ասված է հրապարակման մեջ:- Հետաքննության գործընթացն իրականացվում է ամբողջ թափով:
Այսօրվա դրությամբ հազարավոր հավելվածներ են ենթարկվել ստուգման, եւ շուրջ 200-ի աշխատանքը կասեցված է այնքան ժամանակ, քանի դեռ հետագա հետաքննությամբ չի պարզվել, թե ինչպես են օգտագործվել տվյալները»: Սոցցանցի ներկայացուցիչները նշել են, որ եթե հավելվածները չարաշահումներ են թույլ տվել անձնական տեղակատվության օգտագործման հարցում, ապա դրանք ամբողջովին կարգելափակվեն, իսկ մարդիկ կստանան համապատասխան ծանուցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: