Բաժիններ՝

Թուրքիայում հայկական ծագում ունեցող իրավապաշտպան է կալանավորվել. Ազատության Ստոկհոլմի կենտրոն

Թուրքիայում դատարանը սոցիալական մեդիայում արած գրառման համար կալանավորել է իրավապաշտպան Ռոզերին Զերիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ազատության Ստոկհոլմի կենտրոնը՝ նշելով, որ կալանավորվածը էթնիկ հայ է, նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման օգտին քարոզչություն իրականացնելու» մեջ:

Զերիին նախնական կալանքի ենթարկելու մասին թվիթերյան միկրոբլոգում հայտնել է 2016 թվականի հուլիսի ձախողված հեղաշրջումից հետո կառավարության որոշմամբ աշխատանքից ազատված պատմության ուսուցիչ Աջուր Քարադաղը՝ նշելով, որ մայիսի 18-ին նրան կալանավորել են թվիթերում արած գրառման պատճառով: «Նա հիվանդ երեխայի մայր է: Ի՞նչ հանցանք պետք է գործած լինի մեկ թվիթով: Նա անմեղ է: Ի՞նչ եք ուզում այդպիսով անել: Արդեն բավական է»,- նշել է նա:

Ռոզերին Զերին, ում ֆեյսբուքյան էջում գրված է, որ նա ծագումով Հայաստանից է, մշտապես ակտիվորեն գրառումներ է արել սոցիալական ցանցերում՝ քննադատելով Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը: Հայտնի չէ, թե հստակ որ գրառումն է պատճառ դարձել նրա կալանավորման համար:

Թուրքիայում արդեն ավանդական գործելաոճ է դարձել քաղաքացիների ձերբակալելն ու կալանավորելը սոցիալական ցանցերում կառավարության գործելաոճի նկատմամբ իրենց բողոքը հայտնելու պատճառով: Մասնավորապես, միայն 2016 թվականին 1080 մարդը դատապարտվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին գրառում անելու ու այդպիսով նախագահին «վիրավորելու» հիմնավորմամբ:

Հայտնի է նաև, որ 2016 թվականի վերջի տվյալներով՝ սոցցանցերում «ահաբեկչական քարոզչություն անելու կամ պետական պաշտոնյայի վիրավորելու» համար հետաքննություն է սկսվել առնվազն 10 հազար մարդու նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս