«Գիտությունը մեզանում ոչ թե տեղապտույտի, այլ զարգացման ընթացքի մեջ է». Արմեն Սարգսյան
Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին:
«Գիտությունների ազգային ակադեմիայի մեծարգո՛ նախագահ,
Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ուրախալի է, որ մեկ միջավայրում են հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ, ինչը վկայում է, որ անկախ ամեն ինչից, գիտությունը մեզանում ոչ թե տեղապտույտի, այլ զարգացման ընթացքի մեջ է:
Ավանդաբար գիտության ասպարեզ են մտնում այն մարդիկ, ովքեր գիտակցում են իրենց կոչումն ու առաքելությունը, ովքեր հավատում են, որ գիտության արժեքը երբեք չի նսեմանում, ովքեր նաև էնտուզիաստներ են: Սերգեյ Մերգելյանը, անշուշտ, հենց այն անհատն ու գիտնականն էր, ով ոչ միայն գիտեր այդ արժեքը, այլև իր ողջ կյանքով ու գործունեությամբ զարգացրեց գիտությունը` բարձրացնելով ու բարձության վրա պահելով հայ գիտական միտքը: Նա բացառիկ ավանդ ներդրեց ոչ միայն Հայաստանի գիտության, այլև` տնտեսության մեջ:
Սերգեյ Մերգելյանի աստեղային ժամը սկսվեց շատ վաղ, երբ ընդամենը երկու տասնամյակը բոլորած երիտասարդ մաթեմատիկոսը միանգամից դարձավ գիտության դոկտոր` դրանով իսկ աշխարհին բեկումնային քայլերի նախապատրաստելով մաթեմատիկայի ոլորտում: Այսօրվա գիտաժողովի մասնակիցների լայն աշխարհագրությունը խոսուն վկայություն է, որ Մերգելյանի անունը լայնորեն հայտնի է համաշխարհային գիտական հասարակությանը: Իր գիտական բեղուն և հիմնարար գործունեությամբ Սերգեյ Մերգելյանն այսօր էլ մնում է հայկական մաթեմատիկական դպրոցի լավագույն այցեքարտը: Պատահական չէ, որ հենց նա դարձավ համամիութենական խոշոր գիտական կենտրոններից մեկի` Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրենը: Պատահական չէ, որ մինչև այսօր էլ մայրաքաղաքի այդ կառույցը կոչում ենք Մերգելյան ինստիտուտ:
Սերգեյ Մերգելյանն այն շտեմարանն էր, որ մշտապես լեցուն էր մտքի արգասիքով, որից այսօր էլ օգտվում են տարբեր սերունդների գիտնականները: Նրա օրինակը ամենավառ ապացույցն է, որ մեր ամենաարժեքավոր հարստությունն ու բնական պաշարը մարդկային միտքն է: Մանավանդ՝ գիտության զարգացումը կարեւորագույն գործոն է պետության առաջընթացի համար: Ուրեմն միասին, համատեղ ամեն ինչ պիտի անենք, որ այդ ասպարեզում երբեք ներկայության պակաս չլինի: Դա նաև մեր ամենամեծ ու մնայուն հարգանքի տուրքը կլինի մեծանուն գիտնական Սերգեյ Մերգելյանի թե վաստակին, թե նրա հիշատակին:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ, իսկ գիտաժողովին՝ արգասաբեր աշխատանք»: