Բաժիններ՝

Թեհրանը ԵՄ-ի հետ բանակցություններ կվարի միայն միջուկային գործարքի շուրջ. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրան Ղասեմին հերքել է այն լուրերը, թե Թեհրանն ընդլայնելու է Եվրամիության հետ բանակցային օրակարգը եւ միջուկային գործարքից զատ խոսելու է այլ բաների մասին: Այդ մասին մայիսի 21-ին հայտնել է Tasnim գործակալությունը:

«Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո դրա շուրջ հանձնաժողովի առաջին նիստի նախանշված օրակարգին համապատասխան, որն Իրանի նախաձեռնությամբ գումարվելու է առաջիկա օրերին, այլ երկրների հետ Իսլամական Հանրապետության բանակցությունների միակ թեման կլինի միջուկային գործարքը»,-հայտարարել է Ղասեմին:

ԱԳ նախարարության ներկայացուցիչն այս կերպ է արձագանքել արեւմտյան ԶԼՄ-ներում տեղ գտած մի շարք հրապարակումներին, որոնք, հղում անելով անանուն դիվանագիտական աղբյուրների, հայտնել են, որ ԵՄ-ն Թեհրանին նախաձեռնությունների փաթեթ է առաջարկել ընդլայնված նոր համաձայնագրի դիմաց:

«Այդ հաղորդագրությունների նպատակը Իրանի դեմ զրպարտչական արշավ սկսելն է եւ Թեհրանի ու միջուկային գործարքի մնացած անդամների միջեւ ընթացիկ բանակցությունները վիժեցնելը»,-հավելել է Ղասեմին: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել էներգետիկայի եւ կլիմայական փոփոխությունների հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանիետեի հետ:

Եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ գործարքից Վաշինգտոնի հրաժարվելը «խնդիրներ է ստեղծել Եվրոպայի համար», եւ «Եվրամիության ուղերձը միտված է Իրանի հետ համագործակցության շարունակմանը համաձայնագրի պահպանման ու պաշտպանության նպատակով»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որը սահմանափակում էԹեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից միակողմանի սահմանափակիչ միջոցների չեղարկման դիմաց:

Թրամփը խոստացել է ոչ միայն վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ սահմանել նորերը: Միաժամանակ նա պնդում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ: Մինչդեռ Վաշինգտոնը փաստորեն անիրագործելի պայմաններ է առաջադրել Թեհրանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս