Բաժիններ՝

Թուրքիայի նախագահի թեկնածու Փերինչեքը հայտարարել է, որ իր հաղթելու դեպքում երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից

Թուրքիայի նախագահի թեկնածու, «Հայրենիք» («Vatan») կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից, եթե ինքն ընտրվի պետության բարձրագույն պաշտոնում:

«ՆԱՏՕ-ն ի դեմս Թուրքիայի թշնամու է տեսնում, թեեւ Թուրքիան նրա անդամն է: Հենց վերջերս դաշինքն անցկացրել է վարժանքներ, որտեղ Աթաթյուրքը եւ Թուրքիայի գործող նախագահը ներկայացված էին որպես մարտական թիրախներ:

ԱՄՆ-ը օգնում է ահաբեկչական քրդական խմբավորումներին, զենք է մատակարարում նրանց, ուստի Թուրքիան եւ ԱՄՆ-ը արդեն այժմ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ են: Երբ մենք իշխանության գանք, Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, ամերիկյան ինքնաթիռներն Ինջիռլիկի ավիաբազայից կմեկնեն տուն, իսկ բազան ամբողջովին կանցնի թուրք զինվորականների հսկողության ներքո, եւ Թուրքիայում ամերիկյան ոչ մի ռազմական ներկայություն չի մնա»,-ասել է Փերինչեքը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, Հունաստանը եւ Կիպրոսը ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմի մասնակցությամբ մարտին զորավարժություններ են անցկացրել արեւելյան Միջերկրականում, որոնք ուղղված էին Թուրքիայի դեմ: «Ես դա գնահատում եմ որպես մեծ վտանգ Թուրքիայի համար, եւ այդ կապակցությամբ Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի եւ Իրաքի հետ մեր բարեկամությունը գերակա է…

ԱՄՆ-ն սկսել է սպառնալ Իրանին, դուրս է եկել միջուկային գործարքից եւ սպառնում է պատժամիջոցներով: Երկյուղներ կան, որ ԱՄՆ-ը Երուսաղեմի պատճառով բռնկած հրդեհը բորբոքելուց հետո ռմբակոծումների կենթարկի Իրանը»,-նշել է գործակալության զրուցակիցը: Ընդ որում, ինչպես կարծում է Փերինչեքը, Իրանի հասցեին ԱՄՆ-ի սպառնալիքներն ավելի շատ ուղղված են Թուրքիայի դեմ:

«Միացյալ Նահանգների գլխավոր նպատակը հենց մենք ենք: Ինչու է Ամերիկան նյարդայնանում: Թուրքիան դուրս է եկել Ամերիկայի հսկողությունից, շարժվել է դեպի Եվրասիա, գործում է ՌԴ-ի եւ Իրանի հետ համատեղ, ինչը փոխել է ուժերի դասավորությունը ամբողջ մերձավորարեւելյան տարածաշրջանում, խարխլել է ԱՄՆ-ի գերիշխանությունը:

Ուստի նրանք փորձում են ստեղծել սպառնալիքներ, որպեսզի Թուրքիային հետ պահեն Իրանի եւ Ռուսաստանի հետ դաշինքից»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի թեկնածուն: Նա հավելել է, որ «ԱՄՆ-ի մոտ ոչինչ չի ստացվի, որովհետեւ այսուհետեւ Թուրքիայի դարձը դեպի Ատլանտիկա, անհնարին է, նրա իսկական տեղը Եվրասիան է ՌԴ-ի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Միջին Ասիայի երկրների հետ միասին»:

Թուրքիայի վաղաժամկետ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս