110-ից ավելի պաղեստինցիներ են զոհվել Գազայում հակաիսրայելական ելույթների սկսվելուց ի վեր
110-ից ավելի պաղեստինցիներ են զոհվել Գազայի հատվածում Իսրայելի զինվորականների ու ոստիկանության հետ բախումների հետեւանքով: Այս տվյալները, ինչպես հայտնել է Al Youm As Sabia թերթը, մայիսի 20-ին հրապարակել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
«Մարտի 30-ից մինչ այժմ սահմանամեձ շրջաններում տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով, առավելապես Գազայի հատվածի արեւելքում, զոհվել է 112 պաղեստինցի»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ: Բացի այդ, գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ 13 հազար 190 արաբներ տարբեր աստիճանի ծանրության վերքեր են ստացել կամ թունավորվել են գազից, որն իսրայելական ոստիկանությունն օգտագործում է ցուցարարներին ցրելու համար:
Նախարարությունը ճշտել է, որ զոհվածների թվում 13-ը երեխաներ են եւ 18-ը չլրացած պատանիներ, վերքեր ստացածներից մոտավորապես 2 հազարը դեռահասներ են, վիրավորվել է նաեւ ավելի քան հազար կին: Ցույցերի՝ վերքեր ստացած ավելի քան 300 մասնակիցներ մինչ օրս ծանր վիճակում են:
Մայիսի 15-ին Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին կատաղի ընդարումներ են տեղի ունեցել պաղեստինցի բնակչության եւ իսրայելացի զինվորականների միջեւ, ինչի առիթ է դարձել նույն օրն Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական տեղափոխումը Երուսաղեմ: Վերջին տվյալներով՝ ընդհարումների ընթացքում զոհվել է 60-ից ավելի պաղեստինցի, վիրավորվել են ավելի քան 2,8 հազար բնակիչներ: Գազայի եւ Իսրայելի սահմանին բողոքի ակցիաները շարունակվում են մարտ ամսվա վերջից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: