«Համայնքի ղեկավարն այսուհետև պետք է հասկանա, որ պարտավորություն չունի դառնալ «ձայն հավաքող». Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը կարևորում է երկրի համաչափ զարգացումը: Այս մասին մայիսի 20-ին Ամասիայում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ վստահեցրեց նախարարը՝ փաստելով, որ պետք է արվի հնարավոր ամեն ինչ մարզերի համաչափ զարգացման համար:

«Մենք պետք է ամեն կերպ օժանդակենք, որ մարզեր ուղղորդվեն ինչպես մայրաքաղաքում առկա այն ռեսուրսը, որը հնարավոր է տեղափոխել մարզեր, այնպես էլ դրսից եկող ներդրումային ծրագրերը, որոնք գալիս և կենտրոնանում են Երևանում»,- նշեց նա՝ փաստելով, թե դա պետք է տեսանելի լինի գործնական քայլերով:

«Համայնքի ղեկավարն այսուհետև պետք է հասկանա, որ ժողովրդի կողմից ընտրված մարմին է և ոչ մի պարտավորություն չունի կատարելու կուսակցական հրահանգներ, պարտավորություն չունի դառնալ «ձայն հավաքող» և, այսպիսով, իր իսկ ղեկավարած համայնքի բնակիչների շահերը չպետք է ստորադասի այլոց շահերին: Այս ամենը պետք է բացառվի»,- նշեց նա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», անդրադառնալով Շիրակի մարզպետի խնդրին՝ Սուրեն Պապիկյանը նշեց, որ ՀՀ վարչապետն այս պահին Շիրակի մարզպետի թեկնածություն դեռ չի առաջարկել: Առաջադրելուց հետո կառավարությունը կհաստատի այդ թեկնածությունը:

Խոսելով համայնքների խոշորացման ծրագրից, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարը նշեց, որ յուրաքանչյուր խոշորացում պետք է լինի հանրային լսումների արդյունքում:

«Այս միավորվող համայնքների բնակիչներն իրենք պետք է հասկանան, որ միավորումը բխում է իրենց համայնքների շահերից: Դրա համար պետք է կարևորենք հետևյալ սկզբունքը՝ համայնքների տնտեսական զարգացումը պետք է լինի առաջնային»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ ավելացնելով, որ այս պահին մարզերի ու մարզպետարանների միավորման հարց օրակարգում չկա, և վաղ է խոսել մարզպետների ապակուսակցականացման մասին։

Արմենուհի Մխոյան

Տեսանյութեր

Լրահոս