Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին նոր մեղադրանք է առաջադրվել
39-ամյա Կամո Փիրուզյան սպանության գործով մեղադրյալ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի մեղադրանքը մեղմացվել է:
Փաստինֆո-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ Վահագն Աբգարյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
Անդրադառնալով մեղադրանքի մեղմացմանը նշենք, որ Վահագն Աբգարյանը նաև մեղադրվում էր Ռոմիկ Մուսինյանի սպանության նախապատրաստության, հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ, սակայն այս մեղադրանքներից նախաքննական մարմինը հրաժարվել է։
Այսպիսով, Վահագ Աբգարյանը զենք-զինամթերք ձեռք բերելուց բացի մեղադրվում է նաև Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետին և քննիչ Արտակ Հովհաննիսյանին կաշառք տալու մեջ՝ իբր Կամո Փիրուզյանի սպանության գործով միայն կատարողին մեղադրանք առաջադրելու համար։
Սպանությունն անմիջական իրականացրել է Վլադիմիր Դավթյանը, ով, ըստ տեղեկությունների, Վահագն Աբգարյանի սանիկն է եւ ձերբակալվել է սպանությունից անմիջապես հետո։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սպանված Կամո Փիրուզյանը Վահագն Աբգարյանի երկու մտերիմների՝ Էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Փիրուզյանի եղբայրն է: Վերջինս սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին. Վլադիմիր Դավթյանը հետևել է Փիրուզյանին եւ երբ վերջինս կանգ է առել ծաղկի վաճառքի սրահի մոտ կրակոցներ է արձակել խանութի սրահից, ապա մոտեցել է եւ մոտ տարածությունից եւս կրակել։
Ստացած հրազենային վիրավորումների հետևանքով Կամո Փիրուզյանը մահացել է:
Ներկայումս կալանավորված է նաեւ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը՝ կաշառք վերցնելու մեղադրանքով, ինչպես նաեւ նույն վարչության մեկ այլ քննիչ։ Շուշանյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունք տալ։