Վրաստանում հայհոյելը թանկ «կնստի». oրենքի փոփոխված տարբերակը հաստատվեց
Վրաստանի խորհրդարանը խստացրել է մանր խուլիգանության և իրավապահ մարմիններին չենթարկվելու դիմաց պատժամիջոցները: Խորհրդարանը երրորդ՝ վերջնական ընթերցմամբ հաստատել է վարչական իրավախախտումների օրենսգրքի փոփոխությունները՝ ավելացնելով տուգանքների չափը:
aliq.ge-ի փոխանցմամբ՝ Փոփոխություններին կողմ է քվեարկել 150 պատգամավորներից 80-ը: Փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո տուգանքների տարբերությունն ակնհայտ կլինի:
Եթե այսօր մանր խուլիգանության դիմաց տուգանքը հարյուր լարի է, ապա օրենքը գործելու պարագայում կազմելու է 500-1000 լարի, իսկ ծայրահեղ դեպքում խուլիգանական արարքի հեղինակներին կսպասվի 15 օր ժամկետով ազատազրկում: Մանր խուլիգանություն հոդվածի տակ Վրաստանի ՔՕ-ն նկատի ունի հասարակական վայրերում հայհոյելը, քաղաքացիներին անպատվելը, հասարակական կարգը և քաղաքացիների անդորրը խախտելն ու նմանատիպ այլ գործողություններ:
Ըստ օրինագծի՝ իրավապահ մարմինների և պետական անվտանգության հատուկ ծառայության աշխատակցի կողմից հնչած օրինական պահանջներին կամ հրահանգներին չենթարկվելը՝ պատժվելու է մինչև 15 օրվա ազատազրկման:
Զուգահեռ պահպանվում և ավելանում է նաև ոստիկանությանը չենթարկվելու դիմաց տուգանքը՝ ներկայիս 250-ից 2000 լարիից հասնելով 1000-4000 լարիի: Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու Վրաստանի նախագահի ստորագրությունից հետո: