Դալայ-լաման գիտի՝ ինչպես ճիշտ որոշում ընդունել
Դալայ-լաման պատմել է, որ դժվարին իրավիճակում ճիշտ որոշում ընդունելու համար հարկավոր է այն վերլուծել առանց հույզերի ու վախերի, լինել անկանխակալ, խորհրդակցել ազնիվ ընկերների հետ, իսկ հետո արդեն ընտրություն կատարել եւ չափսոսել դրա համար:
«Անհրաժեշտ է առավելագույնս գործի դնել մտավոր ունակությունները, վերլուծել կրկին ու կրկին: Եթե դուք որեւէ որոշում եք ընդունում հույզերի ազդեցության ներքո, ապա հետո, երբ հույզերը կհանդարտվեն, դուք կտեսնեք, որ որոշումը սխալ է եղել: Սաստիկ հույզերը դժվարացնում են մեր մտածելու կարողությունը: Դրանք մեր վերաբերմունքը դարձնում են կանխակալ: Մինչդեռ կանխակալ մոտեցմամբ ընդունված ցանկացած որոշում կլինի սխալ»,-ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Դալայ-լաման՝ ամփոփելով ռուս առաջատար գիտնականների հետ Դհարամսալի իր նստավայրում կայացած հանդիպման արդյունքները:
Ճիշտ ընտրություն անելու համար, ընդգծել է նա, անհրաժեշտ է «մտքի հանգստություն» եւ «հանգամանալի օբյեկտիվ քննություն»: «Չի կարելի առաջնորդվել ցանկություններով եւ ընտրություն անել հօգուտ ձեզ համար ցանկալի ելքի: Որոշում ընդունելիս անհրաժեշտ է սթափ նայել իրերին»,-նշել է բուդդայականների հոգեւոր առաջնորդը: Նրա խոսքով՝ նաեւ շատ կարեւոր է «խորհրդակցել ընկերոջ հետ, մի քանի ընկերների, անկեղծ ընկերների հետ»: