«Քաղաքային կառավարումն անձնավորված չէ և չի կարող լինել». Մանվել Ջավադյան

– Պրն Ջավադյան, վերջին երկու օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիաներ էին անցկացվում՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի։ Մամուլում շրջանառվեցին լուրեր այն մասին, որ ակցիայի մասնակիցներից շատերը Ավան վարչական շրջանի բնակիչներ էին, ովքեր բարեկամական կապեր ունեն Ձեր կամ քաղաքապետի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։

– Բոլորս էլ կապեր ու հարազատներ ունենք, բայց բոլորս էլ առաջին հերթին այս երկրի քաղաքացիներն ենք։ Քաղաքացիներ, ովքեր կարծիք ու դիրքորոշում ունեն և սահմանադրական իրավունք դրանք արտահայտելու։ Եթե մեր գործողությամբ շահերի բախում կամ օրինականության խախտում չենք կատարում, ուրեմն խնդիր չեմ տեսնում մեր դիրքորոշումների արտահայտման մեջ։

– Ավանի մասին բոլորը խոսում են որպես վարչական շրջանի, որը մշտապես ուշադրության կենտրոնում է՝ Տարոն Մարգարյանի բնակությամբ պայմանավորված։ Այս հարցը ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Երևան քաղաքի զարգացման տեսլականի հիմքում համաչափ զարգացումն է։ Սա մի սկզբունք է, որը մեր թիմը որդեգրել է Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, և քաղաքապետարանի բոլոր ծրագրերն իրականացվում են հենց այդ սկզբունքով։ Խնդրում եմ շրջեք բոլոր վարչական շրջաններում, խոսեք բնակիչների հետ և ինքներդ ծանոթացեք բակային պայմաններին։ Կարող եմ նշել միայն, որ բոլոր վարչական շրջաններում հնարավորության սահմաններում ստեղծվում են հանգստի գոտիներ, խաղահրապարակներ և զբոսայգիներ։ Իսկ այն պնդումը, թե Ավանը էապես տարբերվում է մնացած վարչական շրջաններից, ուղղակի սուբյեկտիվ նկատառում է։

– Պրն Ջավադյան, վերջին օրերին քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցող ակցիաների ժամանակ ցուցարարները հայտարարում են, որ քաղաքապետը պետք է հրաժարական տա։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հայտարարությունների վերաբերյալ։

– Թույլ տվեք մի պարզաբանում անել։ Երբ մարդիկ խոսում են քաղաքապետի պաշտոնանկության կամ հրաժարականի մասին, նրանք այդ պահանջն անձնավորում են՝ կապելով միայն Տարոն Մարգարյան անձի հետ։ Սա վտանգավոր մոտեցում է, քանի որ որպես այդպիսին քաղաքային կառավարումն անձնավորված չէ և չի կարող լինել։ Ուզում եմ, որ հստակ պատկերացնեք, թե ինչ մեխանիզմով են գործում տեղական ինքնակառավարման մարմինները։ Երբ խոսք է գնում քաղաքական ընտրությունների մասին, այո՛ պրոցեսն անձնավորվում է և նույնականացվում ղեկավարի հետ։ Բայց,ի վերջո մարդիկ, հավանություն են տալիս ոչ միայն կառավարող օղակի առաջնորդին, այլ նաև նրա թիմին և ներկայացվող ծրագրին։ Ընտրություններից հետո այդ ծրագիրն իրագործելու համար ձևավորվում է ամբողջական թիմ, որը Երևանի արդյունավետ և համաչափ զարգացման համար կարող է և պետք է աշխատի միայն համատեղ ջանքերով:

– Այսինքն, եթե քաղաքապետը բավարարի ցուցարարների պահանջը, Դուք լքելու՞ եք Ձեր պաշտոնը։

– Ինչպես արդեն նշեցի, խոսքը քաղաքապետի, իմ կամ մյուս վարչական շրջանների ղեկավարների մասին չէ։ Խոսքը ամբողջական թիմի մասին է, որը համախմբված է ծրագրային դրույթների շուրջ։ Եթե նմանատիպ գլոբալ փոփոխություն տեղի ունենա, կնշանակի, որ քաղաքը հրաժարվելու է հստակ մշակված և շարունակական զարգացում ապահովող որոշակի ծրագրերից։ Կարծում եմ, սա բնավ կառուցողական մոտեցում չի լինի Երևանի համար՝ հաշվի առնելով երկրի համար անցումային այս փուլը։

Բոլորիս գերխնդիրը մեկն է. ապահովել մեր քաղաքացիների համար բարեկեցիկ և անվտանգ կյանք ամենօրյա ռեժիմով, ինչը մենք և անում ենք: Հետևաբար, առիթից օգտվելով, մեր համաքաղաքացիներին ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ յուրաքանչյուր հինգշաբթի ժամը14:00-ից սկսած կարող են գալ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ, մենք միշտ պատրաստ ենք լսել, քննարկել և աջակցել մեր լիազորությունների շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս