Բաժիններ՝

Ո՞վ է «Արսենալի» հավանական գլխավոր մարզիչը

Արսեն Վենգերի հեռանալու որոշումից հետո միջազգային մամուլը Լոնդոնի «Արսենալի» համար առաջարկեց մի շարք տարբերակներ: Վերջին օրերին, սակայն, ամենից շատ խոսվում է Պեպ Գվարդիոլայի օգնականի՝ Միկել Արտետայի թեկնածության մասին:

BBC-ի տվյալներով՝ Արսեն Վենգերին կփոխարինի թիմի նախկին ֆուտբոլիստ Միկել Արտետան: Նա 36 տարեկան է, երբեք չի եղել գլխավոր մարզչի պաշտոնում: Ալեգրին չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը, Լուսի Էնրիկեն շատ մեծ գումար է պահանջում, Պատրիկ Վիերայի թեկնածությունը այլևս չի քննարկվում: Այնպես որ, հիմնական թեկնածուն Արտետան է:

Ի՞նչ է հայտնի երիտասարդ մարզչի մասին:

Արտետան բավականին լավ կարիերա է ունեցել: Նա եղել է կատալոնական «Բարսելոնայի» սան, թիմում անցկացրել է 5 տարի, ինչից հետո տեղափոխվել է ՊՍԺ: Այնուհետև երկու տարի խաղացել է «Ռեյնջերսում» և մեկ մրցաշրջան «Ռեալ Սոսեդատում», ապա տեղափոխվել Դավիթ Մոյեսի «Էվերթոն»: 2011 թվականին Արսեն Վենգերը գնեց Արտետային և որոշ ժամանակ անց դարձրեց թիմի ավագը: 2016 թվականին Արտետան ավարտեց ֆուտբոլիստի կարիերան՝ այդպես էլ չխաղալով Իսպանիայի հավաքականում:

Կարիերան ավարտելուց կարճ ժամանակ անց Պեպ Գվարդիոլան Արտետային հրավիրեց իր շտաբ: Կարճ ժամանակում Արտետան մի քանի սկանդալի կենտրոնում հայտնվեց: Նախ Չեմպիոնների լիգայում նա վիրավորեց Մեսսիին (Գվարդիոլան հերքել է այս վարկածը), իսկ հետո նրա ուղղությամբ շիշ նետեց Ռոմերու Լուկակուն:

Կոնֆլիկտները, սակայն, միակ բանը չեն, որ տպավորվում են Արտետայի գործունեությունում: Գվարդիոլան Արտետայի քրտնաջան աշխատանքի հետ է կապում Ռահիմ Ստերլինգի կտրուկ աճն ու թիմի առաջատար ֆուտբոլիստներից մեկը դառնալը: Առհասարակ, Գվարդիոլան նշում է, որ Արտետան անհատապես շատ է աշխատում ֆուտբոլիստների հետ և մեծ դեր ունի ֆուտբոլիստներից շատերի աճի մեջ:

Պեպ Գվարդիոլան ինքն է առաջ քաշել այն վարկածը, որ Արտետան կարող է հեռանալ լոնդոնյան ակումբ: Նա նշել է, որ աշխարհի ամենաերջանիկ մարզիչը կլինի, եթե Արտետան մնա իր թիմում, սակայն չի կարող խանգարել նրա անհատական աճին, որպես մարզիչ:
Արտետայի թեկնածությանը կողմ է նաև Արսեն Վենգերը:

«Նա ունի բոլոր հատկանիշները, որպեսզի գլուխ հանի այս աշխատանքից: Նա միշտ եղել է լիդեր, նա շատ լավ ծանոթ է ակումբին: Նա եղել է թիմի ավագը և գիտի, թե ինչը կարող է զարգացնել թիմը»- նշել է ֆրանսիացի մասնագետը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս