Հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը լույս կտեսնի հայերեն
Հայկական ծագման ամերիկացի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի և Ջեյմ Ռոբինսոնի համահեղինակությամբ «Ինչու են պետությունները ձախողվում» գիրքը թարգմանվել է հայերեն, այն լույս կտեսնի այս տարվա ընթացքում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Հանրային կառավարման և հանրային ֆինանսների կառավարման ոլորտների փորձագետ Հովհաննես Ավետիսյանը, ով նախաձեռնել է այս գրքի թարգմանությունը, և 2016 թվականին սկսել են աշխատանքները «Անտարես» հրատարակչության հետ:
«Անտարեսի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը համաձայնեց համագործակցել և ստացավ հայերեն լեզվով հրատարակության հեղինակային իրավունք: Ընթացքում ներգրավեցի նաև ընկերոջս` Ներսես Աղաբաբյանին, քանի որ զբաղվածության պատճառով միայնակ չէի հասցնում: Ընկերոջս հետ գիրքն արդեն թարգմանել ենք, մենք էլ փորձում ենք խմբագրել, քանի որ բարդ տնտեսագիտական և քաղաքագիտական ձևակերպումներ կան: Արմենի հետ հույս ունենք մինչև տարվա վերջ տպագրել գիրքը: Երբ իմացանք, որ վարչապետը Աճեմօղլուին Հայաստան է հրավիրել, փորձում ենք հնարավորինս արագացնել հրատարակումը և խմբագրման նպատակով Արմենի նախաձեռնությամբ ներգրավել ենք մեր մյուս ընկերոջը` Աղասի Մկրտչյանին, որը նույնպես Հարվարդի համալսարանի շրջանավարտ է և հիմա աշխատում է Համաշխարհային բանկի գլխավոր գրասենյակում»,-ասաց Հովհաննես Ավետիսյանը:
ԱՄՆ-ում ուսանած հանրային ֆինանսների կառավարման մասնագետի խոսքով՝ գրքի թարգմանությունը նախաձեռնել են՝ հանրության ավելի լայն շրջանակներին հայտնի տնտեսագետի տեսությունը հասանելի դարձնելու նպատակով: «Ցանկանում էինք, որ մարդիկ իմանային՝ ինչն է խոչընդոտում երկրների զարգացմանը և ինչը՝ նպաստում։ Առաջ տնտեսական զարգացման տեսություններն ասում էին՝ սահմանների փակ լինելը, ռեսուրսների սահմանափակությունն են բերում տնտեսական աճի սահմանափակման, աղքատության և այլնի։ Նոր տեսություններն ու պրակտիկաները ցույց են տալիս, որ դա այդքան էլ այդպես չէ։
Աճեմօղլուի ամբողջ գիրքը հիմնված է ուսումնասիրությունների վրա և բացատրում է, որ կախված նրանից, թե ինչպես է պետությունը կառուցում իր հաստատությունները՝ ներառական, թե կորզող, կանխորոշում է երկրի զարգացման ուղին»,-ասաց մեր զրուցակիցը։
Խոսելով կորզող և ներառական ինստիտուտների մասին՝ Հովհաննես Ավետիսյանը նկատեց, որ, եթե առաջինները խոչընդոտում են զարգացմանը, ապա երկրորդները, հավասար պայմաններ, խաղի համընդհանուր կանոններ ստեղծելով, նպաստում են տնտեսական բարգավաճմանը:
«Ներառական ասածը պետության այն քաղաքականությունն է, որը չի խաթարում, առաջին հերթին, մրցակցային դաշտի գոյությունը, ստեղծում է հավասար պայմաններ, սահմանում խաղի հավասար կանոններ, և սոցիալ-տնտեսական, և քաղաքական և իրավական հարաբերություներում: Մենք մեր առօրյայից կարող ենք նկատել, որ ոչ միշտ է այդպես եղել Հայաստանում: Ոլորտներ են եղել, որ որոշ խաղացողներ մենաշնորհ դիրք են ունեցել, որովհետև խաղի կանոնները բոլորի համար հավասար չեն եղել: Նույնը վերաբերում է արդարադատությանը, այսինքն՝ օրենքը չպետք է լինի ընտրանքային, այն պետք է բոլորի հանդեպ հավասարապես գործի»,-հավելեց փորձագետը: