Բաժիններ՝

Կախարդական փայտիկի բացակայության էֆեկտը

Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո հանրային մեծ սպասումներ են առաջացել նոր իշխանություններից, ընդ որում՝ թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրի մեր հայրենակիցների մոտ:

Շատ վերլուծաբաններ գտնում են, որ այդ լավատեսական սպասումների գերչափաքանակը վտանգավոր է։ Ինչպես նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էր ասել, որ ինքը չունի կախարդական փայտիկ, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չունի այդ փայտիկը, և հնարավոր չէ, որ քաղաքացիների սոցիալական վիճակը շատ արագ բարելավվի, թոշակներն ու աշխատավարձերը բարձրանան, ապրանքների ու կոմունալ ծառայությունների գները նվազեն, շատ աշխատատեղեր ստեղծվեն, հարկերը նվազեն, և այլն։

Սակայն կառավարության աշխատանքի բարձր արդյունավետության համար պարտադիր պայման է օրենսդիր մարմնում կայուն հենարանի առկայությունը, որն այս ժամանակավոր կառավարությունը չունի։ Հետևաբար՝ պայքարը դեռ չի ավարտվել, և որոշիչ է լինելու արտահերթ ընտրությունների արդյունքը։

Տնտեսագետ, «Արարատբանկի» վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը կարևորում է, որ նոր կառավարությունն արդարացնի հանրության սպասումները։

«Հայաստանի նոր կառավարությունից սպասումները մեծ դեր ունեն ոչ միայն՝ Հայաստանի Հանրապետությունում, այլև՝ ամբողջ աշխարհում։ Եթե սպասումները չարդարանան, այսինքն՝ էվոլյուցիան իրականացրեց երիտասարդությունը, որոնց տարիքը 19-23 տարեկան էր, եթե էվոլյուցիան չհամապատասխանի իրենց սպասումներին, մենք կունենանք նոր արտահոսք, մեծ հիասթափություն և անկում։ Մենք շահագրգռված ենք, որ էվոլյուցիան հաջողվի, մենք ունենանք զարգացած երկիր»,- «Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ երեկ ասել է Ա. Օսիպյանը։

Ըստ նրա՝ պետք է ունենալ տնտեսական զարգացման մեկ վեկտոր, և ով գալիս է իշխանության, պետք է պետությունը տանի այդ ճանապարհային քարտեզով. «Պետք է ամեն ինչ արվի պարզ ու թափանցիկ։ Այդ ժամանակ մենք կունենանք հաջողություններ, և մեր բոլորի սպասումները կարդարանան»։

Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համաձայնեց, որ ներկայիս կառավարության գերնպատակը պետք է լինի արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացումը։

Ըստ նրա՝ սպասումների առումով ներկայիս իրավիճակն արտառոց է, նմանատիպ իրավիճակ կար նաև 90-ականներին, այսինքն՝ սպասումները շատ մեծ են, և դա ամենակարևորն է։

«Սպասումները միանշանակ դրական են, հատկապես՝ դրսի ներդրողների կողմից»,- ասաց Վ.Խաչատրյանը։

Նա ներկայացրեց նաև այս տարի հրապարակված Համաշխարհային բանկի 4 խորհուրդները Հայաստանին՝

  1. բարեփոխումներն ամենայն հավանականությամբ հաջող կլինեն, եթե իրապես բարեփոխում լինեն, դրանք մեծ առավելություններ կտան թանկարժեք ստատուս-քվոյի պահպան?ան համեմատ, և ՀԲ-ն կոչ է անում ցանկացած փոփոխություն բարեփոխում չկոչել,
  2. բարեփոխման նախաձեռնողները պետք է տեխնիկական ապացույցներ ունենան, որ ապագաղափարականացված և անկողմնակալ կլինեն, էլիտաները պետք է ցույց տան բնակչությանը, թե որքան անօգուտ է ստատուս-քվոն, և ինչ դրական փոփոխություններ կբերեն բարեփոխումները, այս հարցում կարող են օգնել անկախ վերլուծական, հետազոտական կենտրոնները,
  3. եթե այս 2 կետերը պահպանվում են, բարեփոխումների խոչընդոտ է դառնում վնասը, որը հասցվում է որոշակի խմբերի։ Իշխանությունը պետք է նրանց խոստանա կիսվել բարեփոխումների դրական արդյունքներով, որպեսզի նրանք չխանգարեն, սակայն փոխհատուցումը կարող է շատ մեծ լինել և հնարավոր չլինի իրականացնել դա։ Այդ դեպքում պարտվող խմբերը կարող են փորձել համոզել քաղաքացիներին, որ փոփոխությունները նրանց շահից էլ չեն բխում, կամ էլ գիտակցաբար այնպիսի տնտեսական քաղաքականություն վարեն, որ հասարակությանը վնաս հասցնի։ Այդ պատճառով պետությունը պետք է կենտրոնանա նաև երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխությունների վրա, որ թուլացնի դժգոհ լոբբիստների ազդեցությունը,
  4. երբ բարեփոխումներին խանգարում են պոպուլիստական պահանջները կամ էլ պարտվող խմբերի տարածած սխալ տեղեկությունները, այդ դեպքում քաղաքական գործիչները պետք է փոփոխությունների անհրաժեշտության որակյալ ապացույցներ ներկայացնեն։

«Սա այսօրվա գործող կառավարության մարտավարությունը կամ ռազմավարությունը պետք է լինի, որովհետև իրականում այդպես էլ լինելու է, երբ փոփոխությունները կատարվեն, միշտ դիմադրող լինելու է»,- ասաց Վ.Խաչատրյանը՝ կարևորելով քաղաքական կամքը՝ բարեփոխումներն իրենց նպատակներին հասցնելու համար։

Անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ Հայաստանից ֆինանսական արտահոսք է սկսվել, և օլիգարխները փորձում են իրենց կապիտալը դուրս բերել երկրից, տնտեսագետը նշեց, որ դա այդքան էլ հեշտ չէ, քանի որ աշխարհում վերաբերմունքը փոխվել է և, բացի օֆշորներից, պետություններն իրենք են հսկողություն իրականացնում։

«Ես կարծում եմ՝ ձևավորված կառավարությունը խելամիտ կլինի՝ այն, ինչ խոստանում է, կիրականացնի, այսինքն՝ վհուկների որս չի լինի»,- ասաց Վ.Խաչատրյանը։

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ ի տարբերություն նախորդ կառավարությունների, այս կառավարությունն ունի սոցիալական բավականաչափ մեծ կապիտալ. «Դա համագործակցությունն է, պատրաստակամությունը և փոխվստահությունը»։

Նրա խոսքով՝ ներկայիս կառավարության թիվ 1 խնդիրը  պետք է լինի երկրի մրցունակության բարձրացումը, սակայն ամենադժվար քայլը լինելու է տնտեսության ռազմավարության մշակումը. «Ռազմավարության փոփոխությունը հնարավոր չէ իրականացնել կարճաժամկետում»։

«168 Ժամ» թերթ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս