«ԱՄՆ-ին անհրաժեշտ է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները». Սենատոր

Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է հիմնովին վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները, հայտարարել է սենատոր Քրիս Քունսը, ԱՄՆ-ի Սենատում «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված քննարկման ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

«Միացյալ Նահանգների հետ երկարատեւ համագործակցությունը ենթադրում է նաեւ օրենքի գերակայության: Սարսափելի է, որ մենք նման հարցեր պետք է ընդհանրապես ունենանք ՆԱՏՕ-ի երկարատեւ դաշնակից Թուրքիայի հետ»:

Սենատորի խոսքով, վերջին տարիների ընթացքում եւ հատկապես ձախողված հեղաշրջումից հետո, Թուրքիան Էրդողանի առաջնորդությամբ առավել հեռանում է ժողովրդավարության արժեքներից: Երկրում շարունակվող հետապնդումների մասին էր Սենատում պատմում Amnesty International կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի իրավական տնօրեն Դենիել Բալսոնը.

«Թուրքիայի իշխանությունները «կարուսելի մեթոդ» են կիրառում՝ մարդուն ձերբակալում են, այնուհետեւ հարցաքննում, ազատում, հետո կրկին ձերբակալում: Դրանով իշխանությունները երկրում ստեղծում են վախի, խուճապի եւ տարակուսանքի մթնոլորտ»:

Իրավապաշտպանի խոսքով, Թուրքիայի իշխանությունները շարունակում են ճնշումները ազատ լրատվամիջոցների նկատմամբ, լավ գիտակցելով նրանց կողմից հնչող քննադատության վտանգը: Ճնշումների են ենթարկվում նաեւ կրոնական եւ ազգային փոքրամասնությունները, որոնց թվում են նաեւ թուրքիայում բնակվող հայերը, հիշեցնում է Freedom House կազմակերպության նախագծերի տնօրեն Նեյթ Շենքանը: 1923 թվականի Լոզանի պայմանագրի համաձայն, այսօրվա Թուրքիայում ազգային փոքրամասնությունների կրոն են ճանաչում միայն Հայ Առաքելական Եկեղեցին, Հույն Ուղղափառ Եկեղեցին եւ Հուդաիզմը:

«Մի կողմից նրանց պաշտոնական կարգավիճակը թույլ է տալիս նրանց գործել Թուրքիայում, սակայն, մյուս կողմից Թուրքիայի իշխանություններն անընդհատ փորձում են միջամտել նրանց առաջնորդների ընտրություններին, ինչպես հենց հիմա տեղի է ունենում հայերի եւ հույների հետ»:

Շենքանի խոսքով, Թուրքիայում իշխանությունները երկրում առկա խորքային եւ լրջագույն ներքին խնդիրների պատճառները փորձում են գտնել երկրի սահմաններից դուրս.

«Արդյունքում Թուրքիան փորձության է ենթարկում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ իր դաշինքի սահմանները»:

Անկարայի նման պահվածքն անընդունելի է համարել նաեւ սենատոր Թոմ Թիլլիսը, ով խոսեց ԱՄՆ-ի քաղաքացի, հոգեւորական Էնդրյու Բրանսոնի անհիմն ձերբակալության մասին: Սենատորի խոսքով, արդյունքում, Թուրքիան իր իսկ գործողություններով հասցրել է իրավիճակը նրան, որ ԱՄՆ-ի պաշտոնյաները այլեւս պատրաստ չեն, անտեսելով առկա խնդիրները, ավանդական դաշնային հարցեր քննարկել թուրքական կողմի հետ:

Տեսանյութեր

Լրահոս