
Մեգան Մարքլին արքայազն Հարրիի հետ հարսանիքի օրը դեպի խորան կուղեկցի արքայազն Չարլզը

Մեծ Բրիտանիայի գահաժառանգ Ուելսի արքայազն Չարլզն իր որդու՝ արքայազն Հարրիի հարսնացուին՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլին մայիսի 19-ին նախատեսված հարսանեկան արարողությանը կուղեկցի դեպի խորան:
Այս մասին ասված է Քենսինգթոնի պալատի՝ ապագա ընտանեկան զույգի պաշտոնական նստավայրի՝ մայիսի 18-ին տարածված հաղորդագրության մեջ: «Տիկին Մեգան Մարքլը Նորին Թագավորական բարձրություն Ուելսի արքայազնին խնդրել է իր հարսանիքի օրը իրեն դեպի խորան ուղեկցել Սուրբ Գեւորգի մատուռում: Ուելսի արքայազնն ուրախ է տիկին Մարքլին թագավորական ընտանիք ընդունելու նման եղանակով»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նախապես պլանավորված էր, որ արքայազն Հարրիի հարսնացուին դեպի խորան կուղեկցի նրա հայրը՝ Թոմաս Մարքլը: Սակայն մայիսի 17-ին վերջնականապես հայտարարվել է, որ նա չի կարողանա ներկա լինել արարողությանը տարած՝ սրտի նոպայի եւ այդ առնչությամբ մայիսի 16-ին կատարված՝ սրտի վիրահատության պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: