Մեծ Բրիտանիան զբոսաշրջիկների հոսքի զգալի աճ է սպասում ԱՄՆ-ից արքայազն Հարրիի հարսանիքի առթիվ
Մեծ Բրիտանիան գերակա ուղղություն է դարձել ԱՄՆ-ից զբոսաշրջիկների համար, ինչը կապված է արքայազն Հարրիի եւ ամերիկացի դերասանուհի ու մոդել Մեգան Մարքլի հարսանիքի հետ: Այս շաբաթվա ընթացքում Միացյալ Թագավորություն ինքնաթիռով թռիչքի ամրագրված տոմսերի թիվը 12 տոկոսով ավելացել է 2017 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ մասին հայտնել է Travelport ընկերությունը, որն աշխատում է ամրագրման միջազգային համակարգերի հետ:
«Մենք գիտենք, որ այնպիսի կարեւոր իրադարձություններ, որպիսին թագավորական հարսանիքն է, մարդկանց խրախուսում են ճամփորդելու, եւ պարզապես հիանալի է, որ մենք այս շաբաթ ընդունում ենք ԱՄՆ-ի այդքան շատ ներկայացուցիչների»,-ընկերության աշխատակցի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:
Միայն Վինձորում սպասվում է առնվազն 50 հազար ամերիկացիների ժամանումը, իսկ Միացյալ Թագավորություն այդ օրերին կժամանեն 350 հազար արտասահմանցի հյուրեր: Համենայն դեպս նրանք կլինեն ոչ պակաս, քան Հարրիի ավագ եղբոր՝ արքայազն Ուիլյամի պսակադրության ժամանակ, որը 2011 թվականի ապրիլին ամուսնացավ Քեյթ Միդլթոնի՝ ներկայում Քեմբրիջի դքսուհի Քեթրինի հետ:
Զբոսաշրջիկների մեծ հոսքը զգալի լրացուցիչ միջոցներ կբերի տնտեսությանը: Իսկ ընդհանուր առմամբ արքայազան Հարրիի ամուսնությունը, Brand Finance կոնսալտինգային ընկերության նախնական գնահատումների համաձայն, պետք է Միացյալ Թագավորության տնտեսությանը բերի առնվազն 500 մլն ֆունտ ստեռլինգ (680 մլն դոլար): Մոտավորապես 200 մլն ֆունտ ստեռլինգ (270 մլն դոլար), ինչպես հաշվել են Brand Finance-ում, կստացվի զբոսաշրջությունից, տրանսպորտային ծառայություններից օգտվելուց եւ հյուրանոցների ամրագրումից:
150 մլն ֆունտ ստեռլինգ (203 մլն դոլար) կկազմեն Հարրիի եւ Մեգանի պսակադրությանը նվիրված մասնավոր տոնական երեկույթների կազմակերպման ծախսերը, եւս 50 մլն ֆունտ ստեռլինգ (68 մլն դոլար)՝ կծախսվի հարսանիքի կապակցությամբ թողարկված հուշանվերներ ձեռք բերելու համար:
Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլիի հարսանեկան արարողությունը մայիսի 19-ին կկայանա Սուրբ Գեւորգի մատուռում, որը գտնվում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մերքաղաքային նստավայրի՝ Վինձորի դղյակի տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: