
Հաստատվել է ՌԴ նոր կառավարության կազմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է նախարարների նոր կաբինետի անհատական կազմի վերաբերյալ այն բոլոր առաջարկությունները, որոնք նրան մայիսի 18-ին ներկայացրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Ես համաձայն եմ. այսօր իսկ կստորագրեմ նշանակումների մասին հրամանագրերը: Մենք ձեզ հետ նախնական կարգով քննարկել ենք ձեր կողմից ներկայացված գործնականում բոլոր թեկնածությունները: Բոլոր այդ մարդիկ հայտնի են, աշխատանքի լավ փորձ ունեն, իրենց լավ են դրսեւորել աշխատանքի նախկին տեղամասերում»,-ասել է նա Մեդվեդեւի հետ կայացած հանդիպմանը:
Այսպես, Մեդվեդեւն առաջարկել է առաջին փոխվարչապետ նշանակել Անտոն Սիլուանովին, որը, նրա կարծիքով, նաեւ պետք է լինի ֆինանսների նախարարը:
Փոխվարչապետների պաշտոնի համար ներկայացված մյուս թեկնածուների թվում են Տատյանա Գոլիկովան, Յուրի Տրուտնեւը, Օլգա Գոլոդեցը, Վիտալի Մուտկոն, Դմիտրի Կոզակը, Յուրի Բորիսովը, Ալեքսեյ Գորդեեւը, Մաքսիմ Ակիմովը, Կոնստանտին Չույչենկոն:
Ռուսաստանի նախագահը նաեւ համաձայնել է ԱԳ նախարարության ղեկավար վերանշանակել Սերգեյ Լավրովին, պաշտպանության նախարար՝ Սերգեյ Շոյգույին, մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկուն, առեւտրի եւ արդյունաբերության նախարար՝ Դենիս Մանտուրովին: