ԱՄՆ-ի Կոնգրեսում դեմոկրատները մտադիր են արգելել օրենսդիրներին՝ քնելու իրենց գրասենյակներում. The Hill
Մի խումբ դեմոկրատ կոնգրեսականներ մայիսի 17-ին ներկայացրել են օրինագիծ, որով ամերիկացի օրենսդիրներին արգելվում է քնել իրենց գրասենյակներում, ինչը, պարզվում է, արդեն երկար տարիներ ԱՄՆ-ում սովորական պրակտիկա է ժողովրդական ընտրյալների համար: Այդ մասին, հայտնել է The Hill թերթը:
Օրինագծի նախաձեռնող Բենի Թոմփսոնը (Միսսուրիի նահանգ) նաեւ առաջարկել է օրենսդիրներին հարկային արտոնություն տրամադրել Վաշինգտոնում գտնվելու ժամանակաշրջանում իրենց պարտականությունների կատարման հետ կապված ծախսերը հոգալու համար:
Կոնգրեսականներից շատերը բացատրում են, որ հենց ԱՄՆ-ի մայրաքաղաքում բնակարանի վարձակալման բարձր արժեքով է պայմանավորված իրենց գրասենյակները գիշերային ժամերին հյուրանոցային համարների վերածելու անհրաժեշտությունը, ինչը, մասնավորապես, խոստովանել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Պոլ Ռայանը, Կոնգրեսի ստորին պալատում հանրապետականների առաջնորդ Քեւին Մաքքարթնին ու եւս մի քանի տասնյակ օրենսդիրներ:
Ռայանը մի քանի տարի առաջ լրագրողներին պատմել է, որ ինքն արդեն տասը տարի իր գրասենյակում է գիշերում, երբ լինում է Վաշինգտոնում, եւ մտադիր չէ դրանից հրաժարվել, քանի որ դա իրեն ավելի շատ ժամանակ եւ հնարավորություններ է ընձեռում իր ընտրողներին ծառայելու համար:
Ինչպես նշում է թերթը, տասնյակ կոնգրեսականներ արդեն մի քանի ամիս կոչ են անում հետաքննել այդ պրակտիկան՝ ստուգելու դրա օրինականությունը, քանի որ գրասենյակում գիշերելու ընթացքում օրենսդիրներն անվճար օգտվում են առանձին ծառայություններից, ներառյալ պահպանության ապահովումը եւ մալուխային հեռուստատեսության տրամադրումը, իսկ դա, հնարավոր է, դաշնային օրենքների խախտում է:
Տարեսկզբին շուրջ 30 կոնգրեսականներ նույնիսկ կոլեկտիվ նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի էթիկայի կոմիտե՝ պահանջելով կարգավորել խնդիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: