Մանրամասներ Արմավիրում թունավորման դեպքից
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բաղրամյան տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների թունավորման դեպքի առթիվ։
17.05.2018թ.-ին ահազանգ է ստացվել, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցներ:
Պարզվել է, որ վերջիններս սննդային թունավորում են ստացել ընկերությանը պատկանող հողատարածքներում աշխատելու ընթացքում՝ ժամը 12-13-ի սահմաններում կազմակերպված ընդմիջման ժամանակ ընկերության կողմից տրամադրված համբուրգերները ուտելուց շուրջ 1.5-2 ժամ անց:
Ընկերության լիազորված անձի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ընկերության՝ թվով 247 աշխատակիցները խաղողի այգիներում աշխատանքներ կատարելուց հետո՝ ընդմիջմանը՝ ժամը 12- 13-ի սահմաններում, կերել են «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի կողմից մատակարարված համբուրգերները, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ և կանաչեղեն: Համբուրգերների հետ միասին նրանց տրամադրվել է նաև նույն ԱՁ-ի կողմից մատակարարված կեռաս և «Վազգեն Ղուկասյան» ԱՁ-ի կողմից մատակարարված ջուր:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:
Փորձանմուշներ են վերցվել աշխատակիցներին տրամադրված սննդամթերքից, կեռասից և ջրից: Բացի այդ, փորձանմուշներ են վերցվել նաև «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ին պատկանող, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող սննդի արտադրամասից (պանրի, կեռասի, լոլիկի մածուկի և մայոնեզի): Նախնական տվյալներով՝ համբուրգերների մեջ լոլիկի մածուկը և մայոնեզը լցոնված չի եղել. դրանք առաքվել են տարաներով՝ սննդի հետ։ Արտադրամասում հնարավոր չի եղել վերցնել համբուրգերներում լցոնած հավի կրծքամսից փորձանմուշ, քանի որ այն սպառված է եղել։
Նշանակվել են դատաբժշկական, դատասննդային փորձաքննություններ: Այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 71 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: