Ժողովրդավարական արժեքներից նահանջը կարող է հանգեցնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի դադարեցմանը. Հայտարարություն

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն այսօր հաստատել են ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ տալով հնարավորություն տարբեր ոլորտներում խորը համագործակցության համար, Aysor.am-ը տեղեկանում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքից։

Փաստաթղթին կողմ է քվեարկել 55 պատգամավոր՝ 2-ը՝ դեմ, 7-ը՝ ձեռնպահ։

ԵՄ-Հայաստան բանակցությունները, ըստ աղբյուրի, սկսվել են 2015 թվականից և ավարտվել 2017-ին, նոյեմբերին, երբ կողմերի միջև ստորագրվեց փաստաթուղթը։ Համաձայնագիրը ենթադրում է քաղաքական խորը երկխոսություն ՀՀ-ի և ԵՄ-ի միջև, ընդլայնում է տնտեսական համագործակցության հնարավորությունները, ապահովում էլ ավելի սերտ համագործակցություն էներգետիկ, տրանսպորտային, բնապահպանական, առևտրային, կրթական և այլ ոլորտներում։

Ներքին բարեփոխումներ

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Հայաստանին նշանակալի արդյունքներ գրանցել խոսքի ազատության, դատական անկախության ոլորտներում, կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարում, ինչպես նաև հարկերից խուսափելու և օլիգարխիկ վերահսկողության հարցում։ Նրանք հիշեցնում են, որ եվրոպական արժեքներից՝ ժողովրդավարությունից, օրենքի ու մարդու իրավուքնների գերակայությունից նահանջը կարող է հանգեցնել համաձայնագրի դադարեցմանը։

Իշխանության խաղաղ փոխանցում

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ողջունում են Հայաստանի քաղաքացիներին վերջին օրերին տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցման կապակցությամբ, ինչպես նաև իրավապահների կողմից ցուցաբերված զսպվածությունը՝ չնայած տեղի ունեցած մի քանի ձերբակալություններին։ Բացի այդ. շնորհավորում են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և ակնկալում ընդարձակ համագործակցություն։

Առևտուր

Եվրախորհրդարանի պատգամավորները ցավ են հայտնել, որ Համաձայնագիրը չի կարող լուծել տարիֆային արգելքները՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով։ Այդուհանդերձ եվրախորհրդանականներն ընդգծել են, որ դա չի խանգարի ԵՄ-ին լինել Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը՝ այդպիսով ցույց տալով, որ ԵՄ-ի համար գլխավոր պայման չէ դառնալ ԵՄ-ի գլխավոր գործընկերը՝ ի հաշվի երրորդ կողմի հետ համագործակցության։

Լեռնային Ղարաբաղ

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել Հայաստանին ու Ադրբեջանին 2018-ի ընտրություններից հետո մեծացնել բանակցությունների տեմպը՝ հասնելով հիմնախնդրի խաղաղ լուծմանը։ Նրանք նաև հայտարարել են, որ աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, նախաձեռնություններին, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղ հարևանության հաստատմանը։ Եվրապատգամավորները նաև կոչ են արել, որ եվրոպական կառույցները մեծացնեն աջակցությունը այնպիսի ծրագրերին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև հասարակական կազմակերպությունների ու երիտասարդական կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը։

Հաջորդ քայլերը

Համաձայնագրի հաջորդ քվեարկությունը կկայանա Ստրասբուրգում՝ 2018 թվականի հուլիսին։

Տեսանյութեր

Լրահոս