
Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները կրկնապատկվել են

Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը վստահեցնում է, որ Հայաստանից պտուղ-բանջարեղենի արտահանման հետ կապված խնդիրներ չկան: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Մակարյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ արտահանվել է 43 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ երկու անգամ ավելի է:
«Արտահանման հետ կապված առանձին դեպքեր միշտ էլ եղել են, սակայն, ընդհանուր առմամբ, արտահանումը շարունակվում է»,- ասաց Մակարյանը` անդրադառնալով մայիսի 11-ին Ռուսաստանի կողմից հայկական լոլիկի արտահանվող խմբաքանակն արտահանողին հետ վերադարձնելու մասին տեղեկատվությանը:
Մակարյանն ընդգծեց, որ խնդիրները հիմնականում մակնշման հետ են կապված լինում: Նրա խոսքով` Սննդի անվտանգության պետական ծառայությունն արտահանողներին պարբերաբար հորդորում է մինչև արտահանումը լուծել բոլոր հարցերը, որպեսզի արտահանման հետ կապված խնդիրներ չառաջանան: Նա հիշեցրեց, որ մեկ ամիս առաջ էլ խնձորի արտահանման հետ կապված խնդիր է եղել, որն արագ լուծվել է: