
ՊՊԾ գնդի գործով պաշտպանները միջնորդեցին փոխել մեղադրյալների կալանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ մայիսի 16-ին տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավման գործով հերթական դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասով քննվում են մեղադրյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի և Սեդրակ Նազարյանի գործերը:
Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց թույլատրելու իր պաշտպանյալին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մամուլի ասուլիս անցկացնելու համար:
Նույն միջնորդությամբ հանդես եկավ մեղադրյալ Պավել Մանուկյանը, սակայն այս անգամ նա նշեց, որ ցանկանում է մամուլի ասուլիս անցկանցնել դատական նիստերի դահլիճում:
Մեղադրական կողմը առարկեց այդ միջնորդությանը՝ նշելով, որ դատական նիստերի դահլիճում ասուլիս անցկացնելու վերաբերյալ դատավարական ընթացակարգ գոյություն չունի:
Դատավոր Մակյանը նշեց, որ այդ միջնորդությունները կքննարկի դատական նիստի ավարտին:
Պաշտպանները նաև իրենց պաշտպանյալների կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցին:
Մեղադրական կողմը գտնում է, որ բերված միջնորդությունները անհիմն են և ենթակա են մերժման:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու: