
Հավայիիում տագնապի կարմիր մակարդակ են հայտարարել ժայթքող հրաբխի պատճառով

Հավայիիում տագնապի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարված Կիլաուեա հրաբխի ժայթքման սաստկանալու պատճառով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):
USGS-ի տվյալներով՝ հրաբխային մոխրի ամպերի բարձրությունը հասնում է 3700 մետրի: «Ցանկացած պահի հրաբխի ակտիվությունը կարող է ավելի պայթյունավտանգ դառնալ, կարող Է մեծանալ մոխրի արտանետման եւ ճեղքերի գոյացման ինտենսիվությունը»,- նշում է USGS-ը:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Հավայան կղզիների իշխանությունները բնակչության տարահանում են հայտարարել Կիլաուեա հրաբխի ժայթքումից հետո: Զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ տարահանման մասին կարգադրությունը վերաբերել է շուրջ 10 հազար մարդու: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լավայի հոսքերը ոչնչացրել են առնվազն 30 տուն:
Կիլաուեան, որը գտնվում է Հավայի կղզում (նաեւ հայտնի է որպես Մեծ կղզի), համարում են Երկրի վրա ամենաակտիվ գործող հրաբուխներից մեկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: