ԱՄՆ-ում նոր մյուզիքլ են բեմադրելու «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմի մոտիվներով
Մեծ ժողովրդականություն վայելող «Ջազում միայն աղջիկներ են» (1959 թ.) հոլիվուդյան կինոկատակերգությունը շուտով կվերադառնա բրոդվեյյան բեմ: Այդ մասին հայտնել է Variety ամերիկյան հանդեսը, հիշեցնելով, որ կինոժապավենն ավելի վաղ երկու անգամ ադապտացվել է մյուզիքլի ձեւաչափով՝ 1972 թվականին «Շաքար» անվանումով եւ 2001 թվականին՝ իր օրիգինալ անվանումով:
Պրոդյուսերներ Նեյլ Մերոնը եւ Քրեյգ Զադանը բրոդվեյյան նոր բեմադրության իրավունքն ստացել են Metro-Goldwyn-Mayer (MGM) կինոընկերությունից: Քեյսի Նիկոլոն հանդես կգա ռեժիսորի դերում եւ պատասխանատու կլինի խորեոգրաֆիայի համար: Բեմադրության համար երաժշտությունը կգրեն Սքոթ Ուիթմանը եւ Մարկ Շայմանը: Մեթյու Լոպեզը օրիգինալ սցենարը կհարմարեցնի բեմի համար:
Պրեմիերան նշանակված է 2020 թվականին: «Ջազում միայն աղջիկներ են» ժապավենը ռեժիսոր Բիլի Ուայլդերի երաժշտական կատակերգությունն է, որտեղ պատմվում է ամերիկացի երկու երաժիշտների արկածների մասին, որոնք դարձել են սպանության վկաներ: Գանգստերներից փրկվելով՝ նրանք հարկադրված են կնոջ շորեր հագնել եւ ընդունվել աղջիկների ջազային նվագախումբ, որը հյուրախաղերով հանդես է գալիս երկրում: Գլխավոր դերերը փայլուն կերպով կատարել են Թոնի Քյորթիսը, Ջեկ Լեմոնը եւ Մերիլին Մոնրոն: Ժապավենը բարձր է գնահատվել քննադատների կողմից եւ հանդիսատեսներին դուր է եկել ամբողջ աշխարհում:
Ֆիլմը 1960 թվականին «Օսկար» մրցանակի համար անվանակարգվել է վեց կատերգորիաում եւ արդյունքում արձանիկը նվաճել է կոստյումների լավագույն դիզայնի համար: Կինոնկարը նաեւ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի: 2000 թվականին Կինոարվեստների ամերիկյան ինստիտուտը «Ջազում միայն աղջիկներ են» ֆիլմը դրել է պատմության մեջ լավագույն ամերիկյան կատակերգությունների ցուցակի առաջին հորիզոնականում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: