
Համաներում շնորհելու որոշման դեպքում ՄԻՊ աշխատակազմը կմիանա քննարկումներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կմիանա քննարկումներին, եթե համաներում շնորհելու մասին որոշում կայացվի: Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Համաներում կլինի՞, թե՞ չէ, չեմ կարող ասել, որովհետև իմ իրավասությունը չէ: Բայց որ մեր քրեակատարողական հիմնարկները գերբեռնված են, փաստ է: Մենք մեր զեկույցներում հստակ նշել ենք, որ քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը իր հետ բերում է մարդու իրավունքների նոր սահմանափակումների: Համաներման նախաձեռնության դեպքում մենք նույնպես քննարկումներին կմիանանք, այն առումով, որպեսզի ավելի երաշխավորենք այն անձանց իրավունքները, ովքեր կարող են ընկնել այդ համաներման տակ»,- նշեց Թաթոյանը:
Արման Թաթոյանը շեշտեց, որ ինքը համաներումը համարում է շատ կարևոր հանգամանք, սակայն հավելեց, որ դա պետք է տեղի ունենա իրավիճակը ճիշտ գնահատելու եղանակով: Մարդու իրավունքների պաշտպանը համաներումը կարևորում է հատկապես քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը թուլացնելու տեսանկյունից: