Նաթանյահուն Էրդողանին խորհուրդ է տվել «խրատ չկարդալ» Իսրայելի գլխին
Հրեական պետության վարչապետ Բենիամին Նաթանյահուն մայիսի 15-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին խորհուրդ է տվել «խրատ չկարդալ» Իսրայելի գլխին: Համապատասխան հայտարարությունն Իսրայելի նախարարների կաբինետի ղեկավարը մայիսի 15-ին հրապարակել է Twitter-ում:
«Էրդողանը ՀԱՄԱՍ-ի թունդ կողմնակիցներից մեկն է, կասկած չկա, որ նա հասկանում է, թե ինչ բան է ահաբեկչությունն ու սպանդը, ուստի ես նրան առաջարկում եմ խրատ չկարդալ մեր (Իսրայելի) գլխին»,-գրել է Նաթանյահուն:
Թուրքիայի ղեկավարը մայիսի 14-ին ցեղասպանություն էր որակել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ:
Մայիսի 14-ին Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը: Այդ իրադարձությունը պաղեստինցիների զանգվածային բողոքներ է հարուցել հրեական պետության եւ Գազայի հատվածի սահմանին: Իսրայելի անվտանգության ուժերի գործողությունների հետեւանքով զոհվել է առնվազն 59 պաղեստինցի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: