Իսրայելի և Պաղեստինի սահմանին շարունակվում են բողոքի մասնակիցների բախումները զինվորականների հետ
Պաղեստինցի ցուցարարները մայիսի 15-ին շարունակում են բողոքի ակցիաները Իսրայելի հետ սահմանին: Ինչպես հայտնել է Associated Press-ը, Հորդանան գետի Արեւմտյան ափին պաղեստինցիների բախումներ են սկսվել իսրայելացի զինվորականների հետ: Հանրահավաքներ են անցկացվում Բեթղեհեմում եւ Ռամալլահում:
Բողոքի ակցիաների մասնակիցներն ավտոդողեր են այրում եւ քարեր նետում իսրայելցի զինվորականների վրա, որոնք ի պատասխան արցունքաբեր գազ են կիրառում:
Նոր անկարգությունները հաջորդել են այն կատաղի բախումներին, որոնք մայիսի 14-ին տեղի են ունեցել Գազայի հատվածում՝ կապված Իսրայելի հիմնադրման տարեդարձի, ինչպես նաեւ Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման հետ: Դիմակայության հետեւանքով զոհվել է 59 պաղեստինցի, ավելի քան 2 հազար բնակիչներ վերքեր են ստացել: Հորդանան գետի Արեւմտյան ափին համընդհանուր գործադուլ է հայտարարված ի նշան Գազայի հատվածի սահմանին բողոքող պաղեստինցիների սպանությունների դեմ բողոքի:
Բացի այդ, մայիսի 15-ին պաղեստինցիները հիշում են 70-ամյա վաղեմության իրադարձությունները. մայիսի 15-ը Նաքբայի օրն է կամ «Աղետի օրը», որը կապված է 1948 թվականի մայիսի 14-ին Իսրայել պետության հիմնադրման հետ, ինչին հետեւեց իսրայելական տարածքից արաբների զանգվածային արտաքսումը: Իսրայելը պնդում է, որ ՀԱՄԱՍ խմբավորումը ցուցարարներին օգտագործում է, որպեսզի թաքցնի հարեւան պետության վրա պատրաստվող գրոհները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: