«ՀՀԿ խմբակցությունը չի կարող անել մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը». Գևորգ Կոստանյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանն այս պահին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Կոստանյանն ընդգծեց, որ արտահերթ ընտրություններն ինքնանպատակ չեն, դրանք պետք է լուծեն քաղաքական խնդիր:
«Իսկ եթե քաղաքական իրավիճակը և դասավորվածությունն այնպիսին է, որ և ընդդիմության, և իշխանության գործողություններն ուղղված են երկրի բարօրությանը, իմ խորին համոզմամբ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ եթե քաղաքական նպատակահարմարություն լինի, բոլոր դեպքերում արտահերթ ընտրությունները իրավական հիմքերի տեսակետից պետք է անցկացվեն:
Հարցին, թե ո՞րն է համարում քաղաքական անհրաժեշտություն, որի դեպքում հասկանալի կլինեն արտահերթ ընտրությունները, Կոստանյանն արձագանքեց.
«Օրինակ` լինի խորհրդարան-կառավարության հակադրություն: Քաղաքական հակասություն եթե չկա, անհրաժեշտություն էլ չկա: Եթե կառավարությունն ու Ազգային ժողովը իրար հետ համակարգված աշխատում են, ու եթե պետք է խորհրդարանի լուծարման հիմքեր ստեղծելը լինի ինքնանպատակ, ես դրան գնահատական չեմ կարող տալ: Եթե դա արվում է ուղղակի արվելու համար, առանց հակասության առկայության, ես դրա պատասխանը չեմ կարող տալ»:
Կոստանյանը նաև նշեց, որ հիմա խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունը խնդիր չի դրել` կուսակցությունն իշխանություն ո՞ւնի, թե՞ չունի:
«Մենք խնդիրը դրել ենք, թե այսօր մեր երկրի համար ինչն է լավ, ինչն է վատ: Հիմա բացարձակ որևէ նշանակություն չունի, թե որ կուսակցությունը կլինի իշխանության կամ ով կլինի վարչապետ: Մենք բոլորս հասկանում ենք մի բան, որ անկախ քաղաքական իրավիճակից, եթե մեր կառավարությունը` ի դեմս Նիկոլ Փաշինյանի կամ այլ անձի ձախողվեց, ուրեմն ձախողվում է նաև երկիրը:
Հետևաբար, ես վստահ եմ, որ ՀՀԿ խմբակցությունը չի կարող անել մի բան, որը կհանգեցնի կառավարության ձախողմանը: Որովհետև կառավարության ձախողումը մեր երկրում` անկախ նրանից, թե ով է կառավարության կազմում և ով է վարչապետը, հանգեցնելու է երկրի համար լրջագույն խնդիրների: Ես անձամբ իմ և խմբակցության անունից էլ կարող եմ վստահ ասել, որ որևէ մեկը երբեք որևէ բան չի անի մեր երկրին վնաս տալու համար»,- եզրափակեց պատգամավորը: