ՌԴ-ի հետ համագործակցությունը կշարունակվի՝ չնայած ճգնաժամին. Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հավաստիացրել է, որ Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կշարունակվի՝ չնայած այն բանին, որ երկրների միջեւ հարաբերությունները շատ բարդ են:
«(Ռուսաստանի նկատմամբ) մեր քաղաքականությունը կառուցվում է «գործակցիր, բայց զգուշացիր» սկզբունքով, եւ մենք կշարունակենք Ռուսաստանի հետ փոխգործակցել այն իրավիճակներում, երբ դա անհրաժեշտ է եւ հնարավոր դիվանագիտական եւ մշակութային առումով, բայց հարաբերություններն, անշուշտ, բարդ են»,- ասել է Ջոնսոնը՝ մայիսի 15-ին ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում:
ԱԳ նախարարության ղեկավարին նաեւ հարցրել են, թե արժե արդյոք, որ Մեծ Բրիտանիան խստացնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ սեւ ցուցակում ներառելով Ռուսաստանի նավթի եւ գազի ընկերությունները: «Մեք կքննարկենք բոլոր հնարավորությունները, հենց որ դուրս գանք Եվրամիությունից եւ մեր վերահսկողության տակ վերցնենք պատժամիջոցների քաղաքականությունը»,- պատասխանել է Ջոնսոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: