Կոստանյանը շարժական արագաչափերն արգելելու օրինագծի մշակումը չի կապում քաղաքական իրադարձությունների հետ
Հայաստանի Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավորների կողմից շարժական արագաչափերով երթևեկության կանոնների խախտումների արձանագրումն արգելելու նախաձեռնությամբ հանդես գալը բացարձակապես որևէ կապ չունի քաղաքական իրադարձությունների հետ:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Գևորգ Կոստանյանը հիշեցրեց, որ շարժական տեսախցիկների օգտագործմամբ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու վերաբերյալ իրենց մտահոգություններն արտահայտել են իր գլխավորած պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի` դեռ մարտի 3-ին կայացած նիստի ընթացքում:
«Ես այդ նիստում հայտարարեցի, որ, նկատի ունենալով մեր հասարակության մոտ առկա դիրքորոշումը և այն, որ տեսախցիկներով խախտումների արձանագրումը պետք է ունենա ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ նշանակություն, մենք քննարկման առարկա կդարձնենք այդ տեսախցիկների կիրառման համակարգը: Իսկ շարժական տեսախցիկներով խախտումների փաստումը իր բնույթով կարող է լինել պատժիչ, որովհետև պատշաճ զգուշացման և նախականխման հնարավորություններ չունի»,- ասաց Կոստանյանը:
Պատգամավորը հավելեց, որ դրանից հետո իրենք մշակել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են արգելել շարժական տեսախցիկների միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրումը: Նա վստահեցրեց, որ նման որոշումը որևէ կապ չունի քաղաքական իրադարձությունների հետ: «Ինչպես միշտ մեր մոտեցումները պայմանավորված են մարդու իրավունքներն առավելապես երաշխավորելու անհրաժեշտությամբ: Այդ գործելաոճով էլ միշտ շարժվելու ենք, որովհետև մարդու իրավունքները կապված չեն ոչ կուսակցության, ոչ քաղաքականության հետ, և դա բացարձակ արժեք է մեզ համար»,- եզրափակեց Գևորգ Կոստանյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը մայիսի 14-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր, որ ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկել են բացառել շարժական տեսախցիկների միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրումը: