Իրանը միջուկային գործարքից դուրս չի գա, քանի դեռ դա նրան օգուտ է բերում. Ռոուհանի
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել 1, որ իր երկիրը կշարունակի կատարել միջուկային գործարքի գծով իր պարտավորությունները, քանի դեռ այդ համաձայնագիրն օգուտ է բերում: Ինչպես մայիսի 15-ին հայտնել է IRNA գործակալությունը, այդ մասին նա ասել է Իսլամական Հանրապետությունում Էստոնիայի նոր դեսպանի հետ կայացած հանդիպման ժամանակ:
«Միակ պայմանը, որի դեպքում Իրանը պատրաստ է պահպանել իր մասնակցությունը միջուկային գործարքին, դրանից ամբողջ ծավալով օգուտ ստանալն է»,-նշել է Ռոուհանին: Նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ը մյուս երկրներին վնաս է հասցնում իր «ապակառուցողական եւ ոչ ռացիոնալ գործողություններով»:
«Բոլոր երկրները, ներառյալ Եվրոպական Միությունը, պետք է դիմակայեն Միացյալ Նահանգներին»,-ասել է նա: Թրամփը մայիսի 8-ին հայտարարել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որը սահմանափակումներ է դնում միջուկային ոլորտում Թեհրանի ակտիվության վրա, փոխարենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չեղարկում է պատժամիջոցները, իսկ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը վերացնում են ավելի վաղ Իրանի դեմ կիրառված միակողմանի սահմանափակիչ միջոցները:
Ինչպես հայտարարել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը, ԳՀՀԾ-ն Իրանին հնարավորություն էր տալիս միջուկային ռումբ ստեղծել՝ շրջանցելով սահմանափակումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: