Մոսկվան չի բացառում Իրանի դուրս գալը միջուկային գործարքից
Մոսկվան չի բացառում Իրանի դուրս գալը միջուկային ծրագրի գործարքից: Մայիսի 15-ին այս մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ «Վալդայ» ակումբի բանավիճային հարթակում ելույթ ունենալով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջն ստեղծված իրադրությանը նվիրված փորձագիտական բանավեճում:
«Կարծում եմ, որ համաձայնագրից Իրանի դուրս գալու սցենարը հաշվից լիովին դուրս գցել չի կարելի, եթե մնացած մասնակիցների հետ Իրանին բավարարող համաձայնության գալ չստացվի»,- ասել է նա: ՌԴ-ի ԱԳ փոխնախարարը նշել է, որ ԱՄՆ-ի որոշումից հետո Մերձավոր Արեւելքում ռազմական լարվածության սաստկացման վտանգը կաճի:
«Ես չէի ցանկանա, որ ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը դառնար Մերձավոր Արեւելքում ռազմական լարվածության հետագա աճի նախերգանքը, թեեւ դրա վտանգն ակնհայտ է»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: