Թուրքիայում մարդիկ ձերբակալվում են սիրիական Աֆրինի վերաբերյալ ռեպորտաժների պատճառով
Թուրքիայում ձերբակալում և երկարատև ազատազրկման են ենթարկում սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ նկարահանումներ արած և տեսաձայնագրությունները համացանցում տեղադրած մարդկանց:
Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Թուրքիայի զինված ուժերի կողմից հունվարի 20-ին Սիրիայի Աֆրինի շրջանում սկսված ռազմական գործողությունները պարունակել է անօրինական գործունեության բազմաթիվ դրվագներ, որոնց ընթացքում տուժել են նաև խաղաղ բնակիչներ: Թուրքիայի իշխանությունների կողմից վերահսկվել է այդ տարածքներում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ ցանկացած ինֆորմացիա, որպեսզի գաղտնի մնան թուրքական ԶՈւ անօրինական գործողությունները: Այն անձինք, ովքեր համացանցում տեղադրել են տեսաձայնագրություններ, ենթարկվել են հետապնդումների:
Անկարայի դատախազությունը «Արթը TV» հեռուստատեսության Անկարայի ներկայացուցիչ Սիբել Հուրթաշին և «Մեզոփոթմայա» լրատվական գործակալության թղթակից Հայրի Դեմիրին մեղադրանք է առաջադրել Աֆրինի գործողությունների հետ կապված ռեպորտաժներ վարելու համար և դատարանից պահանջել նրանց դատապարտել 10,5 տարվա ազատազրկման:
Մեղադրական եզրակացությամբ Հուրթաշը և Դեմիրը մեղադրվում են «հասարակության մեջ ատելություն և թշնամանք սերմանելու, մամուլի միջոցով ահաբեկչական կազմակերպության քարոզ իրականացնելու մեջ»:
Նման մեղադրանքներով Թուրքիայում ձերբակալվել են նաև հասարակ քաղաքացիներ, մտավորականներ և այլն: