Բաժիններ՝

Դսեղի անտառտնտեսությունում 1475 ծառ ապօրինի հատելու գործն ուղարկվել է դատարան

Ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի ան­տառտնտեսություն» մասնաճյուղի պահպանման տարածքում ապօրինի 1475 կանգուն ծառերի հատման, նույն մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու դեպքի առթիվ 2017 թվականի օգոստոսի 8-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն:

«Հայ­անտառ» ՊՈԱԿ «Դսեղի ան­տառտնտեսություն»-ում նշանակված մասնագիտական ստուգման արդյունքում հայտրաբերվել է 1475 հատ ապօրինի հատված կանգուն ծառեր:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառ­տնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» անտառապետ Ս. Վ.-ն, լիազորված լինելով կանխարգելել անտառպետության տարածքում ՀՀ անտառային օրենսդրութ­յան բոլոր տեսակի խախտումները, անտառպետության տարածքի սահմաններում իրա­կա­նացնել հսկողություն, անձնական այլ շահագրգռվա­ծությունից ելնելով, խախտելով օրենսդրության դրույթները, համաձայն որոնց անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտա­գործման պայմանագրի և անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա, երկու անձանց միջոցով 2017 թվականի օգոստոսի 3-ին «Դսեղի անտառպետության» 2-րդ պահաբաժնից բենզա­սղոցի գոր­ծադրմամբ ապօրինի հատել է 7 հատ լորենի տեսակի ծառ: Դրա հետևանքով բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 850.500 ՀՀ դրամի վնաս:

Բացի դրանից, Ս. Վ.-ն, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով չի կատարել շրջայցեր, չի հայտնաբերել բացթողումներն ու թերություն­ները, որի հետևանքով ինքնու­թյունը չպարզված անձանց կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառ­տնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» 4 պահաբա­ժիններում ապօրինի կերպով հատվել են 1475 կանգուն, տարբեր տեսակի ու տրա­մագծերի ծառեր, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր՝ 148.595.000 ՀՀ դրամի չափով վնաս:

2017 թվականի օգոստոսի 10-ին Ս. Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, օգոստոսի 13-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ 1-ին մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: 2018 թվականի մայիսի 10-ին Ս. Վ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգր­քի 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նույն քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև «Դսեղի ան­տառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնի ան­տա­­ռապահ Ս. Ե.-ին և թիվ 1-ին պահա­բաժնի ան­տա­­ռապահ Մ. Հ.-ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջիններս պար­տավոր լինելով կիրառել կան­խարգելիչ միջոցառում­ներ ապօրինի անտա­ռա­հատում­ների և ՀՀ անտառային օրենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, ստուգել բնափայտի մթեր­ման, անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստա­թղթերը և հսկո­ղու­թյուն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կա­տար­­ման նկատմամբ, ՀՀ օրենսդրությամբ սահ­մանված կարգով առ­գրավել և պահ­պանել ապօրինի հատված անտառանյութը և անտառխախտման միջոց հանդիսացող գործիք­ներն ու առարկա­ները, իրենց ծառայութ­յան նկատ­մամբ ան­բարե­խիղճ և անփույթ վերաբերմունք դրսևո­րելու հետևանքով պատշաճ կերպով չեն կատարել իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները, ինչի արդյուն­քում 2016-2017 թվական­ների ըն­թաց­­քում իրենց հսկողության տակ գտնվող պահա­բաժիններում ապօրինի հատ­վել են տար­­բեր տեսակի հարյուրավոր ծառեր, ինչի հետևանքով կազմա­կերպության և պետության իրա­վունքներին ու օրինական շահերին անզգու­շությամբ պատճառվել է ծանր վնաս:

Ինքնությունը չպարզված անձի /անձանց/ կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի ծառահատում կատարելու փաստի առթիվ վերոնշյալ քրեական գործի նյութերով հարուցվել նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և այն առանձնացվել առանձին վարույթում:

2018 թվականի մայիսի 15-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս