Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձ է հղել Ընտանիքի միջազգային օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
այսօր նշվում է Ընտանիքի միջազգային օրը, տոն, որն առանձնակի իմաստ և խորհուրդ ունի հայերիս համար:
Դարեր շարունակ հայկական ընտանիքը եղել է մեր ազգային ինքնության պահպանման հիմքն ու ազգային արժեքների պահպանման և սերնդե սերունդ փոխանցման ինքնատիպ միջավայրը, որն իր հերթին դարձել է մեր ազգի հարատևման ամենակարևոր գրավականը: Համոզվա՛ծ եմ, որ հայ ընտանիքի կայունությունն ու ամրությունը, որոնք միշտ եղել են մեր հարատևման և հաղթանակների հիմքը, շարունակելու են մնալ գերակա՝ մերժելով օտարածին ցանկացած երևույթ, որը խորթ է ավանդապահ հայ օջախին: Պատահական չէ ասված, որ հզոր է այն ազգը, որն ունի ամուր ընտանիքներ:
Ու ես վստա՛հ եմ, որ մեր ընտանիքների հանդեպ ունեցած յուրաքանչյուրիս անսահման սերն ու նվիրումը, ցանկացած դժվարություն հաղթահարելու մեր հաստատակամությունը շարունակելու են ամրապնդել մեր պետության հիմքերը, քանզի բոլոր ժամանակներում էլ հենց ամուր ընտանիքներ են եղել պետությունների կայացման կարևորագույն օղակը:
Սրտանց շնորհավորելով բոլոր հայ ընտանիքներին այս հիրավի գեղեցիկ տոնի առթիվ՝ բարեկեցություն և խաղաղություն եմ մաղթում բոլորիս: Թող որ հայ օջախներում մշտապես թևածի փոխադարձ սերն ու հարգանքը, միմյանց հանդեպ հոգատարությունն ու վստահությունը»: