Ինչու էին ձերբակալվել Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելանն ու Արարատ Միրզոյանը. պարզաբանում է ՀՀ գլխավոր դատախազը

Համաժողովրդական շարժման ժամանակ կասկածելի անձանց կողմից բռնությունների, մեքենաներ ջարդելու հետ կապված որևէ քրեական գործ հորուցվե՞լ է, Նիկոլ Փաշինյանի առևանգման, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալությունների հիմքը ո՞րն է եղել, գլխավոր դատախազն ի՞նչ միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով: Այս հարցերն այսօր ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովումՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ա.Դավթյանը նշեց, որ վերջին իրադարձությունների հետ կապված` դատախազությանը հասանելի ցանկացած դեպքով նախաձեռնվել են վարույթներ, մոնիթորինգն արվել է խորությամբ, հարուցված են բազմաթիվ քրեական գործեր, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, իրականացվում են քրեական հետապնդումներ, այդ թվում` լրագրողների աշխատանքը խոչընդոտելու փաստով:

Գլխավոր դատախազի խոսքով` Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը ձերբակալվել են ապօրինի հավաքներ, ցույցեր կազմակերպելու համար, քր.օր. 225 պրիմ հոդվածով:

«Ազգային ժողով միջնորդություն է ներկայացվել միայն Նիկոլ Փաշինյանի մասով, այնուհետև հանրությանը հայտնի գոծողությունները տեղի ունեցան, այն ժամանակ վարչապետի պաշտոնակատարը դիմեց ինձ հիմնավորված դիմումով, որ խորհրդարանում քննարկում չնախաձեռնվի: Եվ նույն օրը նրանց ձերբակալումից ազատ են արձակել»,- ասաց Ա.Դավթյանը:

Կարդացեք նաև

Է.Մարուքյանը հայտարարեց, որ ձերբակալումը քաղաքական նպատակներով են իականացրել և քաղաքական նպատակներով էլ ազատ են արձակել. «Այսինքն` վարչապետի պաշտոնակատարը ձեզ դիմել է և դուք էլ ազատ եք արձակել: Ո՞վ է ձեզ հրահանգել, որ նշված պրոցեսը սկսեք, որ առանց միջնորդության ազատ արձակեք»:

Ա.Դավթյանը պատասխանեց, որ կոնկրետ անձանց պատասխանտվության համար ժամանակ է հարկավոր, քանի որ խոսքը կարճ ժամանակ առաջ տեղի ունեցածի մասին է և պետք է ապացույցներ ձեռք բերվեն: Պատգամավորների ձերբակալման հարցում նա վստահեցրեց, որ որևէ քաղաքական հարց չի եղել. «Ես իրականացրել եմ մասնագիտական գործունեություն»:

Սակայն միջնորդությունը չքննարկելու հարցում, ըստ գլխավոր դատախազի, քաղաքական բաղադրիչ կա, բայց դա էլ իրավական է. «Ես ներկայացրել էի միջնորդություն և քաղաքական մարմինը պետք է տար քաղաքական գնահատական: Դա մաքուր իրավական գործընթաց չի: Քաղաքական մեծամասնության` ՀՀԿ-ի փոխնախագահը դիրքորոշում է հայտնում, որ գտնում է, որ այդ միջնորդությունը չքննարկվի: Դա իմ համար` որպես դատախազի, ի՞նչ է նշանակում: Որ միջնորդությունը մերժվելու է: Էլ իմաստը ո՞րն է, որ այն շարունակեմ»:

Տեսանյութեր

Լրահոս