Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման այս կարճ ժամկետում արդեն իսկ մի քանի անթույլատրելի սխալներ է արել. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը պաշտոնավարման այս կարճ ժամկետում արդեն իսկ մի քանի անթույլատրելի սխալներ է արել։ Առաջինն առնչվում է ղարաբաղյան խնդրին, Արցախում տված ասուլիսում հնչեցրած մտքերին…

Ձգենք պաուզան՝ պատասխանելու այս պահին օդում եղած հարցին. ինքը նոր է ստանձնել պաշտոնը, ինչու՞ եք ինչ-ինչ բաներ սպասում նրանից։ Այդ դեպքում ավելի ազնիվ չէ՞ր լինի ասել` ես խնդրի մանրամասներին ու նրբություններին չեմ տիրապետում, կանդրադառնամ դրանց ավելի հանգամանալից ու ավելի ուշ, երբ ամբողջական փաթեթին կտիրապետեմ։

Եվ կամ՝ եթե ինքը իրեն ժողովրդով «նշանակում» է վարչապետ, չէ՞ որ պետք է անպայմանորեն Ղարաբաղի խնդրի ծրագիր-իմացությամբ հայտ ևս ներկայացներ, չէ՞ որ երկրի բոլոր երեք ղեկավարների համար էլ այդ խնդիրը եղել է աքիլլեսյան գարշապար՝ գերտերությունների հետ հարաբերություններում՝ իշխանություն կորցնելու հզոր պատրվակ։ Ասել ենք՝ ղարաբաղյան խնդրում, ինչպես իր երիտասարդները, այնպես էլ նորընտիր վարչապետը դիլետանտություն դրսևորեցին. ի մասնավորի խաղաղապահների, Հայաստանը որպես հակամարտության կողմ դիտարկելու և մի շարք այլ հարցադրումների մասով։ Հաջորդ անթույլատրելիությունը. Նիկոլ Փաշինյանը, որին մենք, բոլոր դեպքերում, հիշում ենք ԵԱՏՄ-ին դեմ քվեարկած պատգամավորների թվում…

Ձգենք դարձյալ պաուզան. կարող ենք նաև հասկանալ արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանին, որն իր այդ սկզբունքները «խաթարեց» հանուն պետության՝ որդեգրելով այն նույն քաղաքականությունը, որի իրականացնողներին, ի դեպ, նա հրաժարական էր պարտադրել։

Բայց գնալ հասնել Սոչի՝ Պուտին-Փաշինյան հանդիպումից րոպեներ առաջ ասել «Կեցցե Ռուսաստանը», որքանո՞վ է պետականամետ, որքանո՞վ՝ դիվանագիտական, որքանո՞վ՝ արժանապատիվ, հավասարակշիռ, հարիր լիբերալ որևէ մեկին։ Եվ վերջապես. որքանո՞վ է տեղին՝ աշխարհաքաղաքական զարգացումների այս ծանր ժամանակահատվածում այդպիսի բան ասելը. նման բան իրենց թույլ կտայի՞ն Նազարբաևը, Լուկաշենկոն… Հիմա ի՞նչ, ԱՄՆ՝ Լոս Անջելես, գնալիս էլ ասելու ենք «կեցցե Ամերիկա՞ն»…

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս