Բաժիններ՝

Երկու քաղաքացու մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

Մայիսի 13-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի 2-րդ հատվածում վիճաբանություն է:

Ժամը 22.25-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա, որովայնի առաջնային պատի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1993 թ. ծնված Խանամիր Ղ.-ն և «պոլիտրավմա, ողնաշարի գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ» ախտորոշմամբ` 1997 թ. ծնված Սերգեյ Ն.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը, ժամը 21.30-ին, Գյուլիքեխվյան փողոցի թիվ 35/1 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք 10 հատ փայտե մահակ: Նշանակվել են ԴԲՓ-ներ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Նոր Նորքի և Մաշտոցի բաժինների և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Խանամիր Ղ.-ին և Սերգեյ Ն.-ին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և մարմնական վնասվածքները պատճառել է 1990 թ. ծնված Դավիթ Գ.-ն, որը մայիսի 14-ին, ժամը 18.30-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Դավիթ Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս