Մոլդովայի քաղաքացիներին ԵՄ-ին անդամակցելն ավելի է գրավում, քան ԵԱՏՄ-ին
Եվրամիությանը Մոլդովայի անդամակցության օգտին պատրաստ է քվեարկել այդ երկրի քաղաքացիների 55 տոկոսը, իսկ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու օգտին՝ 42 տոկոսը:
Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի բարոմետրի» անցկացրած հարցման արդյունքները: Հրապարակային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Արկադի Բարբերոշիեն Քիշնեւում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ, հարցման համաձայն, եթե առաջիկա կիրակի օրը Մոլդովայում հանրաքվե անցկացվեր Եվրամիությանն անդամակցելու հարցի շուրջ, ապա 55 տոկոսը կքվեարկեր դրա օգտին, դեմ կարտահայտվեր 29 տոկոսը:
Եվրասիական տնտեսական միությանն ինտեգրվելու հարցի շուրջ համանման հանրաքվեում 42 տոկոսը կողմ կքվեարկեր, իսկ 38 տոկոսը՝ դեմ: Եվս 7 տոկոսը չէր մասնակցի քվեարկությանը, իսկ 12 տոկոսը չի կողմնորոշվել ընտրության հարցում: Հարցումը Մոլդովայում (բացառությամբ Մերձդնեստրի) անցկացվել է ապրիլի 19-ից մինչեւ մայիսի 9-ը: Դրան մասնակցել է 1115 մարդ: Վիճակագրական անճշտությունը կազմել է 3 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: