Բաժիններ՝

Սիրիայի ագրարային հատվածը 16 մլրդ դոլարի վնաս է կրել հակամարտության ընթացքում. FAO

Սիրիայի ագրարային հատվածին այդ երկրում զինված հակամարտության ընթացքում հասցված վնասը կազմել է 16 մլրդ դոլար: ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) այս գնահատականը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ներկայացրել է նրա գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան:

«FAO-ն ճյուղին հակամարտության սկսվելու պահից (2011 թվական) պատճառված վնասի ընդհանուր գումարը գնահատում է 16 մլրդ դոլար: Մոտավորապես 10 մլն սիրիացիներ ամեն օր բախվում են պարենամթերքի սուր անբավարարության կամ նրանց սովն է սպառնալու, եթե իրադրությունը չբարելավվի մոտ ժամանակներս»,-ասել է FAO-ի գլխավոր տնօրենը:

Ինչպես նշել է դա Սիլվան, «չնայած տեղի ունեցող իրադարձություններին, սիրիացի բազմաթիվ ֆերմերներ շարունակում են տնտեսություն վարել, աճեցնում են ցորեն, բանջարեղեն, զբաղվում են անասնապահությամբ, եւ պարենամթերքի արտադրությունը շարունակվում է»: «Բնականաբար, դա տեղի է ունենում խիստ ծանր պայմաններում, ինչը միջազգային աջակցություն էպահանջում»,-ընդգծել է նա:

FAO-ն եւ նրա գործընկերները շարունակել են իրենց գործունեությունը Սիրիայում՝ ուղղակի օգնություն ցուցաբերելով 3 միլիոնից ավելի ֆերմերների:

«Միայն անցյալ տարի մեր ծրագրերի շնորհիվ սիրիացի ֆերմերները կարողացել են ցորենի բերք հավաքել եւ կերակրել 1,7 մլն մարդու»,-պատմել է FAO-ի ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս